Նորություններ
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարում Շիրակի մարզի թիմերը գրավել են 2-րդ տեղը
23.11.2025
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարում Շիրակի մարզի թիմերը գրավել են 2-րդ տեղը, իսկ մշակութային ուղղվածության կատարումով` 1-ին
Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ծածկած լողավազանում, կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումները։ Միջոցառումը անցկացվել է 2 տարիքային խմբերով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 3-6-րդ և 7-12-րդ դասարանների աշակերտներից կազմված մարզերի հավաքական թիմերի միջև։ Յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմում ընդգրկված են եղել 4 տղա և 4 աղջիկ:
Առաջին տարիքային խմբի մասնակիցները մրցել են 8x50 մետր, իսկ երկրորդինը՝ 8x100 մետր ազատ ոճով փոխանցումալողերում:
Մարզիչ-մանկավարժներ Հովհաննես Մելքոնյանի և Սարգիս Գյուլյանի գլխավորությամբ հանդես եկած Շիրակի մարզի թիմերը գրավել են 2-րդ տեղը` իրենցից առաջ թողնելով միայն Երևանի թիմերին։
Մեր թիմերը պարգևատրվել են հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և 2, 5-ական միլիոն դրամական մրցանակներով: Թիմերի դրամական պարգևների գումարը համամասնությամբ կբաժանվի հավաքական թիմերի անդամների դպրոցների միջև՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույքի ձեռքբերման նպատակով: Թիմերի բոլոր մասնակիցները և մարզիչներն էլ պարգևատրվել 100,000-ական ՀՀ դրամ մրցանակներով։
Մրցումների նախորդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ յուրաքանչյուր մարզից երաժշտական համարով ելույթ են ունեցել մշակութային ուղղվածության մեկական ներկայացուցիչ։ Այստեղ Շիրակի մարզը ներկայացնող՝ Գյումրու Ժան և Ալբերտ Պողոսյաններ արվեստի դպրոցի սան և Գյումրու N41 հիմնական դպրոցի աշակերտ Վարուժան Նիկողոսյանը «Իմ սիրո հասակ» երգի կատարումով արժանացել է 1-ին մրցանակի։














