Նորություններ
Շիրակի մարզպետը ներկա է գտնվել «Զբոսաշրջային Շիրակ 2030» թեմայով պանելային քննարկմանը
16.12.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում այսօր ներկա է գտնվել «Ավանդական տուրիզմից մինչև նորարարական տուրիզմ․ Զբոսաշրջային Շիրակ 2030» թեմայով պանելային քննարկմանը, որին մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Պանելային քննարկումը վարել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը, մարզպետի և Զբոսաշրջության կոմիտեի նախագահի հետ, որպես խոսնակներ մասնակցել են Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանը, «Բույս և մեղր» բրենդի հիմնադիր Արտուշ Եղիազարյանը ևս։
«Շիրակը մեր երկրի զբոսաշրջության կենտրոններից է, մարզում մենք իրականում ունենք չբացահայտված մեծ ներուժ։ Շիրակի մարզն աշխարհին ասելիք ունի․ կարելի է առանձնացնել Արփի լիճը, Երերույքի տաճարը և շատ ու շատ նման կառույցներ, որոնք բացահայտման կարիք ունեն։ Ամենակարևոր արժեքը, որը կա մեր մարզում, և մասնավորապես Գյումրիում՝ Երկրագիտական թանգարանն է, մեզ համար ամենացավոտ համարվող թեմաներից մեկը։ Թանգարանը 25 հազարից ավելի նմուշ ունի, որոնք այսօր չեն ցուցադրվում։ Ապագայում թանգարանը կարող է դառնալ մեր զբոսաշրջության զարդը՝ այն դնելով այլ հարթության վրա։ Բազմիցս ասել եմ, որ զբոսաշրջությունը խարույկ է, որի մեջ միշտ պետք է փայտ գցել։ 2018 թվականից հետո մարզի զբոսաշրջությունը 180 աստիճանով փոխվել է։ Շատ կարևոր է մեր բոլոր համայնքնների ներուժը բացահայտելն ու զարգացնելը։ Այստեղ կարևոր է պետական մարմինների և մասնավոր հատվածի համագործակցությունը, այդ պարագայում արդյունքն առավել խոսուն և տեսանելի է դառնալու»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Լուսինե Գևորգյանը ևս կարևորել է Գյումրու զբոսաշրջային հնարավորությունների լիարժեք բացահայտումն ու օգտագործումը՝ նշելով, որ այդ հարցում առավելապես կարող են աջակցել տեղի մասնագետներն ու շահագրգիռ կազմակերպությունները։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել տուրիզմի զարգացման հնարավորություններին, ոլորտում արված աշխատանքներին, բացթողումներին ու առաջիկա ծրագրերի իրականացմանը։












