Նորություններ
Շիրակ մարզպետը եղել է Աշոցք համայնքի մի շարք բնակավայրերում՝ Ձորաշենում, Սարապատում, Կաքավասարում, Փոքր Սարիարում, Բաշգյուղում, Սալուտում
24.12.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շարունակում է համայնքային այցելությունները մարզի բնակավայրեր։ Այսօր մարզպետը եղել է Աշոցք համայնքի մի շարք բնակավայրերում՝ Ձորաշենում, Սարապատում, Կաքավասարում, Փոքր Սարիարում, Բաշգյուղում, Սալուտում։
Հանդիպումներ_Շիրակի_մարզի_բոլոր_բնակավայրերում
Դավիթ Առուշանյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի ուղեկցությամբ համայնքային այցելությունը մեկնարկել է Ձորաշեն բնակավայրից, որը գտնվում է ծովի մակարդակից 1970 մ բարձրության վրա։ Բնակիչները հիմնականում զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Մարզպետի հետ հանդիպման ընթացքում համայնքի բնակիչները բարձրաձայնել են բնակավայրում առկա խնդիրներն ու մտահոգությունները՝ կարևորելով գյուղամիջյան ճանապարհի բարեկարգման, տրանսպորտի աշխատանքի սպասարկման բարելավման, կաթի վերամշակման և մի շարք այլ հարցեր։
«Համայնքներ կատարած այցելություններն ինքնանպատակ չեն, ձեզ հետ անմիջական շփումներն ամենապարտավորեցնողն են, քանի որ հնարավորություն եմ ստանում անձամբ տեսնել առկա խնդիրներն ու տեղում քննարկել դրանց լուծման տարբերակները։ Կառավարությունը հետևողականորեն իրականացնում է ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն տեսանելի են մարզի համայնքներում, տարիներ շարունակ կուտակված խնդիրները մաս-մաս լուծում են ստանում, դրանք շարունակական են լինելու՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով»,- նշել է Շիրակի մարզպետը։
Դավիթ Առուշանյանի հաջորդ կանգառը եղել է Սարապատում, մարզպետն այստեղ ևս հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը։
Դավիթ Առուշանյանը վստահեցրել է, որ այն բոլոր խնդիրները, որոնք հնարավոր է լուծել՝ քայլեր կձեռնարկվեն շուտ հանգուցալուծում ունենալու համար, իսկ այն հարցերը, որոնց լուծումը ժամանակ է պահանջում՝ հետևողական աշխատանք կտարվի։
Համայնքային այցելության շրջանակում, մարզպետը եղել է Կաքավասար բնակավայրում, որը մարզկենտրոնից 32 կմ հեռավորության վրա է գտնվում։ Բնակավայրում գյուղատնտսեության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Բնակիչերը զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ։
Այստեղ բնակիչները մարզպետի հետ զրույցի ընթացքում անդրադարձել են ճանապարհների բարեկարգմանը, խոսել անձնական խնդիրներից։
Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Փոքր Սարիար բնակավայրում։
Բնակիչները մարզպետից հետաքրքրվել են գյուղատնտեսական աջակցության ծրագրերով, զբաղվածության ապահովման խնդիրներով։
«Շատ կարևոր է, որ գյուղական համայնքներում մարդիկ ոչ միայն տեղեկացված լինեն պետական աջակցության ծրագրերի մասին, այլ նաև կարողանան օգտվել դրանցից։ Կառավարության ծրագրերը հնարավորություն են տալիս զարգացնել գյուղացիական տնտեսությունները, խթանել անասնապահությունն ու բուսբուծությունը։ Կոչ եմ անում լինել ակտիվ և նախաձեռնող, իսկ մենք պատրաստ ենք, իրավասությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել»,– նշել է Դավիթ Առուշանյանը։
Բաշգյուղում մտահոգությունների, հետաքրքրող ու լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերի մասին մարզպետի հետ խոսել են նաև բաշգյուղցիները։ Նրանք գոհունակությամբ փաստել են, որ Կառավարությունը նախատեսել է բնակավայրում խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ իրականացնել և հակակարկտային կայաններ ձեռքբերել՝ 45 մլն 207 հազար դրամի շրջանակում։
Վերջին հանդիպումը եղել է Սալուտում, որտեղ բնակիչների հետ մարզպետը խոսել է արդեն իրականացված ծրագրերից, առաջիկա անելիքներց։
Այստեղ համայնքային կենտրոն է նորոգվել և ձեռք են բերվել հահակարկտային կայաններ։
Մարզպետը վստահեցրել է, որ կարվի հնարավորը՝ բարձրացված հարցերի լուծման տարբերակներ գտնելու և քայլ-քայլ առաջ շարժվելու առումով։
Ձորաշեն
Սուբվենցիոն ծրագրերով՝ 19 մլն 256 հազար 226 դրամ
Կապիտալ ծրագրերով՝ 28 մլն 626 հազար դարամ
Սարապատ
Սուբվենցիոն ծրագրերով՝ 13 մլն 750 հազար 26 դրամ
Կաքավասար
Սուբվենցիոն ծրագրերով՝ 23 մլն 454 հազար 670 դրամ
Փոքր Սարիար
Սուբվենցիոն ծրագրերով՝ 24 մլն 721 հազար 52 դրամ
Բաշգյուղ
Սուբվենցիոն ծրագրերով՝ 45 մլն 207 հազար 357 դրամ
Սալուտ
Սուբվենցիոն ծրագրերով՝ 10 մլն 58 հազար 427 դրամ
#Ձորաշեն
#Սարապատ
#Կաքավասար
#ՓոքրՍարիար
#Բաշգյուղ
#Սալուտ
















