Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

31.12.2025

Սիրելի՛ շիրակցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Ավարտին է մոտենում 2025 թվականը՝ այնքան սպասված խաղաղությամբ, նոր նախաձեռնություններով ու գաղափարներով, կյանքի կոչված ծրագրերով լեցուն ևս մեկ տարի, որը հետևողական ջանքերի և դրական փոփոխությունների տարի կարող ենք համարել։
Չնայած առկա մարտահրավերներին, մեզ հաջողվել է արձանագրել առաջընթաց մի շարք կարևոր ոլորտներում, իրականացնել ծրագրեր` ուղղված սոցիալ-տնտեսական զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, կրթական և մշակութային կյանքի ակտիվացմանը։
Կառավարությունը, շարունակելով երկրի համաչափ զարգացման քաղաքականությունը` 2025-ին զգալի միջոցներ է ներդրել տարբեր բնագավառներում իրականացվող աշխատանքների համար։
Միայն քաղաքաշինության բնագավառում մարզում 50 մլրդ դրամից ավելի աշխատանք է կատարվել` հիմքից կառուցվում են 14, վերանորոգվում` 29 դպրոցներ։ 2025-ին մարզում հանդիսավորությամբ բացվել են 9 մանկապարտեզներ, որոնք լիարժեք կահավորված են ու ապահովված անհրաժեշտ գույքով։
Շարունակվում են Արթիկի բժշկական կենտրոնի, «Գյումրու ԲԿ» ծննդատան շինարարկան աշխատանքները, մեկնարկել են թիվ 2 պոլիկլինիկայի վերակառուցման-արդիականացման ծրագիրն ու Ախուրիկի, Հացիկի, Պեմզաշենի բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքները։
Ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվել։
Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում այս տարի 240 ենթածրագրով 44 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել, իրականացվել և ընթացքի մեջ եղել՝ ընդհանուր 14,3 մլրդ դրամ գումարի շրջանակներում։
Աշխատանքներ են իրականացվել մարզի բոլոր համայնքներում։
Երկար կարելի է խոսել արված աշխատանքների մասին։
Այս ամենը հնարավոր է եղել իրականացնել նաև շիրակցու աշխատասիրության, տոկունության և մարզի ապագայի հանդեպ ունեցած հավատքի շնորհիվ։
Շիրակցին մշտապես առանձնացել է արժանապատիվ կեցվածքով, համբերությամբ և ստեղծարար մտածողությամբ։
Այդ արժեքներն են, որ ձևավորել են մեր մարզի դիմագիծը և շարունակելու են լինել մեր առաջընթացի հիմքը։
2026 թվականը, ի հեճուկս տարատեսակ խոսակցությունների, երբեմն չարամիտ վերաբերմունքի, արվածը չտեսնելու թուլամիտ ջանքերի, դիմավորում ենք հստակ նպատակներով և նոր ծրագրերով՝ պատրաստ շարունակելու սկսված աշխատանքը, ամրապնդելու համագործակցությունը համայնքների հետ և ապահովելու Շիրակի մարզի կայուն ու համաչափ զարգացումը։
2026-ին շատ անելիքներ ունենք։
Թո՛ղ այն տանտիրոջ իրավունքով մտնի յուրաքանչյուր տուն՝ բերելով խինդ ու ծիծաղ, ապահովություն ու հոգու ջերմություն:
Թո՛ղ գալիք տարին լինի միայն ձեռքբերումների, հաղթանակների ու նվաճումների տարի:
Մաղթում եմ խաղաղություն, սեր և բարօրություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-07 17:42:02