Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի պատասխանատուներին

09.01.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի հետ հյուրընկալել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի պատասխանատուներին՝ ղեկավար Օլգա Վայգելի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի թիրախային մարզ համարվող Շիրակում իրականացված ծրագրերին և առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցերի։
Դավիթ Առուշանյանը շնորհավորել է ներկաներին անցած տոների առթիվ, ընդգծել Շիրակի մարզում իրականացվող յուրաքանչյուր նախաձեռնության կարևորությունը, որը նպաստում է բնակավայրերի կենսապայմանների բարելավմանը և համայնքների համաչափ զարգացմանը․ «Ուրախ եմ կրկին հանդիպելու և համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու համար։ Ծրագիրն ինքնին ընտրել է ժամանակակից ուղղություն։ Մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի համայնքների, բնակավայրերի և տնային տնտեսությունների էներգաարդյունավետության բարձրացումը, ինչպես նաև կայուն էներգիայի հնարավորությունների հասանելիության ընդլայնումը, հատկապես հաշվի առնելով Շիրակի մարզի ցրտաշունչ կլիմայական պայմանները, որտեղ էներգախնայողությունն առանձնահատուկ կարևորություն ունի բնակչության համար։ Համոզված եմ` մարզի համայնքներում ծրագրի արդյունավետ իրականացման շնորհիվ մոտ ապագայում բնակիչների համար այն կդառնա վերականգնվող էներգիայի վրա հիմնված վառելիքի աղբյուր։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և լիազորությունների շրջանակում կգործադրի բոլոր ջանքերը՝ ծրագրի շարունակական իրականացման և այդ ընթացքում հնարավոր խոչընդոտները բացառելու, կազմակերպչական աշխատանքներին լիարժեք աջակցելու ուղղությամբ»։
Օլգա Վայգելը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, որից հետո ներկայացրել է Շիրակի մարզի ծրագրի մանրամասները, անդրադարձել 2026֊ին մեկնարկող մի քանի նախաձեռնությունների, որոնք իրականացվելու են Ախուրյան, Արթիկ և Ամասիա համայնքներում։
Նշենք, որ մինչ օրս ծրագրի շրջանակներում «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից 12,3 մլն եվրո արժողությամբ ծրագիր է իրականացվել Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առավելապես էներգիայի տեսանկյունից խնդրային համայնքներում։
Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքների տարբեր բնակավայրերում տրամադրվել է 131 էա վառարան, որից 81-ն անվճար, 50-ը՝ համաֆինանսավորմամբ։ Շիրակի մարզում մոտ 24 համայնքապատկան շինությունների վրա իրականացվել են էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներ։
Նոր ծրագրերի արդյունավետ իրականացման և համագործակցությունն ամրապնդելու նպատակով` պայմանավորվածություն է ձեռքբերվել առավել լայն ձևաչափով հանդիպում ունենալու, որին ներկա կլինեն համայնքների ղեկավարները և պատասխանատուները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-09 17:46:56