Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Շիրակ» մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը
14.01.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ներկա է գտնվել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Շիրակ» մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։
Մարզպետն ու նախարարը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն Լիլիթ Գորգինյանի ուղեկցությամբ շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին, լսել մատուցվող ծառայությունների, ինչպես նաև իրականացվող աշխատանքների մասին մանրամասներ։
«Իրականում մենք այսօր Շիրակի մարզում շատ կարևոր միջոցառման ենք մասնակցում, բացվում է մի կենտրոն, որի գործունեությունը միտված է կյանքի բարդ իրավիճակներում հայտնված ընտանիքներին ու երեխաներին աջակցելուն։ Մասնաճյուղի աշխատակիցներն աստվածահաճո գործ են անելու, միևնույն ժամանակ մեծ պատասխանատվության առջև են կանգնած։ Շիրակի մարզպետի աշխատակազմը միշտ պատրաստ է ձեր կողքին լինելու, աջակցելու, ուրախ եմ, որ մարզպետի աշխատակազմի լավագույն գործընկերներից մեկը՝ Լիլիթ Գորգինյանն է տեղափոխվել այստեղ աշխատելու և վստահ եմ՝ նա կդառնա կամուրջ այս աշխատանքներում և համատեղ ջանքերով կկարողանանք լուրջ ձեռքբերումներ ունենալ»,- նշել է Շիրակի մարզպետը։
Մասնաճյուղի հիմնական գործառույթը լինելու է մարզում մանկալքության վտանգի առաջ կանգնած ընտանիքների իդենտիֆիկացումը և այդ ընտանիքների հզորացման ու աջակցության միջոցով երեխաներին կենսաբանական ընտանիքներում պահելը։ Այն նաև կծառայի որպես ռեսուրս խնամքի հաստատություններում գտնվող երեխաների համար՝ վերամիավորվելու կենսաբանական ընտանիքների հետ՝ հաշվի առնելով երեխաների լավագույն շահը։ Այստեղ ծառայություն կտրամադրվի 150 երեխաների։
Մասնաճյուղի բացումից հետո տրվել է «Ընտանիքում ապրելու իրավունք II. խնամատարության և համայնքահեն ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարելավում Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը։ Անդրադարձ է կատարվել ծրագրի նպատակներին և ակնկալվող արդյունքներին։ Տեղի է ունեցել «Խնամատարությունը խնամատար ծնողների աչքերով» թեմայով պանելային քննարկում։














