Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպել է առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող բժշկական հաստատությունների տնօրենների հետ
16.01.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպել է առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող բժշկական հաստատությունների տնօրենների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Շիրակի մարզում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր։
Մարզպետը հետաքրքրվել է աշխատանքների ընթացքով, առաջացած խնդիրներով, դիմելիության և ուղեգրումների ցուցանիշներով, կարևորել համընդհանուր ապահովագրության համակարգով նախատեսված աշխատանքների անխոչընդոտ իրականացումը։
«Կառավարությունը մի այնպիսի համակարգ է ներդրել, որի շնորհիվ մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը կտրուկ փոխվել է, ժամանակին անհասանելի համարվող շատ ծառայություններ մի շարք խմբերի համար այսուհետ հասանելի են։ Մեզ բոլորիս մնում է իրազեկման ակտիվ աշխատանքների իրականացումն ու հաղորդակցությունը, որպեսզի քաղաքացիները հնարավորինս տեղեկացված լինեն մանրամասներով։ Դուք բոլորդ անելիքներ ունեք և հանուն մեր ազգաբնակչության լավագույն շահի, պետք է ջանք ու եռանդ չխնայենք բոլորս։ Բնականաբար շատ բարձր եմ գնահատում առաջնային օղակի բուժաշխատողների աշխատանքը, պատասխանատու մոտեցումն ու դիմող յուրաքանչյուր քաղաքացու առողջության պահպանման ու վերականգնման գործում ունեցած ներդրումը, մնում է զգոնությունը չթուլացնեք ու շարունակեք աշխատանքները ակտիվ տեմպերով»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
Տնօրենները վստահեցրել են, որ արվում է հնարավորը համակարգի գործարկումն առանց թերացումների իրականացնելու համար, առաջին օրերին չնայած որոշ տեխնիկական խնդիրներ են արձանագրվել «Արմեդ» համակարգի հետ կապված, սակայն այդ մասին տեղեկացվել է ՀՀ առողջապահության նախարարությունը, առաջացած ծրագրային խնդիրները օպերատիվորեն վերացվել են։
Համակարգը գործնականում կիրառելու մանրամասներին տիրապետելու նպատակով՝ բուժաշխատողները համապատասխան ուսուցում են անցնում՝ զուգահեռաբար իրականացնելով նաև բնակչության իրազեկումը։
Դավիթ Առուշանյանը կարևորել է բնակիչների նկատմամբ հոգատար վերաբերմունքն ու սպասարկման որակի բարձրացումը, հերթեր ու խոչընդոտներ չառաջացնելու հանգամանքը։ Տնօրենները վստահեցրել են՝ հերթերը կառավարելի են, արվում է հնարավորը դրանք չլինելու համար։
Մարզպետի հանձնարարությամբ տնօրեններն առօրյա վերահսկողությունը կրկնապատկելու են, անձամբ ողջ օրվա ընթացքում շփվելու, լսելու են բնակիչներին։
Առաջիկայում Դավիթ Առուշանյանն այցելելու է պոլիկլինակներ՝ աշխատանքներին տեղում ծանոթանալու, քաղաքացիների հետ շփվելու, հետադարձ կապն ապահովելու և առաջացած խնդիրներին արագ լուծում տալու նպատակով։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև 2026-ի անելիքներին ու առաջիկա ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։










