Նորություններ
Քննարկվել են Անի և Ավստրիական թաղամասերում ՎԶԵԲ-ի ծրագրով առաջիկայում մեկնարկելիք աշխատանքներին առնչվող հարցեր
16.01.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ այսօր քննարկվել են Անի թաղամասում ՎԶԵԲ-ի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի Գ և Դ Տրանշների շրջանակներում Անի և Ավստրիական թաղամասերում առաջիկայում մեկնարկելիք աշխատանքներին առնչվող հարցեր։
Ծրագրով նախատեսված աշխատանքների նախագծային փուլի մեկնարկին ընդառաջ՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է շահագրգիռ բոլոր կառույցների համագործակցված աշխատանքին՝ նշելով, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի ծրագրի իրականացման ընթացքում չկանգնել ավելորդ քաշքշուկների առաջ, չունենալ բացթողումներ։
«Այս ծրագրի ընթացքը մեր ամենօրյա ուշադրության ներքո է լինելու և մինչ նախագծային աշխատանքների ավարտն ու բուն շինաշխատանքների մեկնարկը պետք է կոմունալ ծառայություններն արդեն հստակեցրած լինեն այդ հատվածում իրենց իրականացվելիք աշխատանքներն ու դրանք ավարտեն պատշաճ ժամկետներում, որպեսզի շինաշխատանքների ընթացքը չխոչընդոտվի։ Չարչրկված մեխանիզմների առջև չպետք է կանգնենք, որ վերանորոգումն իրականացվի և պարզվի, որ գազատար կամ ջրատար խողովակ փոխելու, էլեկտրական մալուխներ անցկացնելու և պլանային այլ աշխատանքների իրականացնելու անհրաժեշտություն կա։ Այդ ամենն արդեն պետք է իրականացված լինեն մինչ ծրագրի շինարարական փուլի մեկնարկը»,- ընդգծել է մարզպետը։
Նշենք, որ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի Գ և Դ Տրանշների շրջանակներում նախատեսվում է Անի և Ավստրիական թաղամասերի շուրջ 17 կմ երկարությամբ և շուրջ 190 հազար քառակուսի մետր մակերեսով 37 փողոցների, ներառյալ ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքների իրականացում և միևնույն թաղամասերի, ինչպես նաև Շիրակացի փողոցի արտաքին լուսավորության արդիականացում՝ 1284 լուսադիոդային լուսատուներով։
Հանդիպման ընթացքում Գյումրու համայնքապետարանի պատասխանատուների և ջրամատակարար ընկերության ներկայացուցչի հետ քննարկվել են նաև Շիրակացի փողոցի վերանորոգման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։ Արդեն մեկնարկած աշխատանքների համար Կառավարությունը 898 մլն 43 հազար դրամ է նախատեսել։ Գումարի շրջանակենրում հիմնանորոգվելու է Շիրակացի փողոց՝ Մ-1 Երևան-Գյումրի ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի տարանցիկ 2,4 կմ երկարությամբ հատվածը։ Եղանակների տաքանալուն զուգընթաց աշխատանքներին տեմպեր կհաղորդվեն։










