Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել է Գյումրու մի շարք դպրոցներում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքին
19.01.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հետևել է Գյումրու մի շարք դպրոցներում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքին։
Մարզպետն առաջինն այցելել է «Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց», ընդամենը մեկ շաբաթ առաջ է դպրոցը տեղափոխվել վերանորոգված հաստատություն։ Դավիթ Առուշանյանը դպրոցի ծնողական կոմիտեի ներկայացուցիչների հետ շրջել է դպրոցում, ծանոթացել արված աշխատանքներին՝ գոհունակությամբ փաստելով, որ պետական ներդրումների արդյունքում այն հագեցվածությունը, որ ունեն նորոգված դպրոցները, չեն կարող չնպաստել կրթության մակարդակի բարձրացմանը։
«Հիմնանորգված դպրոց, հիասքանչ պայմաններ ու անհրաժեշտ գույք, այս ամենի առկայությունը կրթության որակի բարձրացմանը նպաստող լավագույն նախապայմաններն են, մեր Կառավարությունը միջոց չի խնայում, կրթության բնագավառում ահռելի ներդրումներ են արվում և մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի արված աշխատանքներում թերացումներ չլինեն, իսկ եթե բացթողումներ էլ լինեն՝ ամենաօպերատիվ կերպով վերացվեն»,- ծնողների և ուսուցիչների հետ զրույցում նշել է մարզպետը՝ հորդորելով բոլորին դիտարկել արված աշխատանքները և թերացումների դեպքում ահազանգել մարզպետի աշխատակազմ, քանզի այն աննախադեպ ծավալի շինարարությունը, որ արվում է մարզում՝ լիարժեք վերահսկողություն իրականացնելը գործնականում հնարավոր չէ։
Նշենք, որ թիվ 5 դպրոցի հիմնանորոգմանը հատկացվել է 293 մլն 877 հազար դրամ, աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Դպրոցն ունի լիարժեք համալրված ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներ, կահավորված մարզադահլիճ, հրաձգարան։
Բոլոր հարմարություններով ապահովված կլինի նաև «Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցը», որի վերանորոգման աշխատանքներին ուղղվել է 277 մլն 800 հազար դրամ։
Աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում, մարզպետը շրջել է դպրոցում, մի շարք դիտարկումներ արել շինարարի հետ զրույցում և հանձնարարել շտկել թերացումներն ու անել հնարավորը ժամկետներում տեղավորվելու և թերացումներ չունենալու համար։
Դավիթ Առուշանյանն այցելել է նաև «Գյումրու թիվ 19 դպրոց», ևս մի քանի օր և դպրոցականները հնարավորություն կունենան վերանորոգված դպրոցում ուսումնառությունը շարունակելու։
Մարզպետը արված աշխատանքների որակից գոհ է մնացել և կարևորել ամեն մի մանրուք հաշվի առնելը։ Դպրոցի վերանորոգմանը հատկացվել է 383 մլն 400 հազար դրամ։
«Պետությունը շարունակում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երեխաների համար ստեղծվեն բարեկարգ և հարմարավետ պայմաններ: Շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն հաշվի առնելով եղանակային պայմանները, հատկապես Շիրակում, որտեղ ձմեռը խստաշունչ է: Կարևոր է, որ շինարարությունը լինի բարձր որակի, մենք մեկ, հինգ կամ տաս տարվա համար չենք կառուցում, այլև սերունդների համար, իսկ դա նշանակում է՝ ամեն ինչ որակով պետք է արվի, որ երկար ծառայի մեր երեխաներին և ուսուցիչներին։ Մեր նպատակն է ապահովել երկարաժամկետ, որակյալ և անվտանգ ուսումնական միջավայր»,- ընդգծել է մարզպետը։
Նշենք, որ Շիրակի մարզում ընթացքի մեջ են 14 դպրոցների հիմքից կառուցման աշխատանքները՝ ընդհանուր 23 մլրդ 512 մլն 376 հազար դրամ արժեքով։ Վերանորոգվում են 29 դպրոցներ և 1 մարզադահլիճ՝ ընդհանուր 7 մլրդ 700 մլն դրամ արժեքով, Գյումրիում վերանորոգվող, հիմնանորոգվող դպրոցների թիվը 15-ն է։
























