Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այցելել է Գյումրու թիվ 1 և Գ․ Նարեկացու անվան պոլիկլինիկաներ

20.01.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Գյումրու պոլիկլինիկաներ՝ հետևելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով նախատեսված աշխատանքների ընթացքին, ծանոթանալու իրավիճակին ու առաջացած հիմնահարցերին։
Մարզպետը սկզբում եղել է «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում», շրջել բաժանմունքներում, ծանոթացել մատուցվող ծառայությունների կազմակերպմանը, բուժսպասարկման ընթացակարգերին և անձնակազմի աշխատանքային պայմաններին։
Դավիթ Առուշանյանը հանդիպել է բուժաշխատողներին՝ լսելով նրանց դիտարկումները համակարգի ներդրման և դրական փոփոխությունների վերաբերյալ։ Բուժաշխատողները ներկայացրել են կատարված ու կատարվող աշխատանքները՝ ընդգծելով ապահովագրական մեխանիզմների գործարկման ընթացքում արձանագրված դժվարությունները, որոնք հիմնականում առնչվել են «Արմեդ» համակարգին, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ դրանք վերացվել են և այժմ էլ քայլեր են ձեռնարկվում էլեկտրոնային համակարգի կատարելագործման ուղղությամբ։
Մարզպետը զրուցել է նաև պոլիկլինիկա այցելած պացիենտների հետ՝ հետաքրքրվելով նրանց կարծիքով, տեղեկացվածությամբ, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում տրամադրվող ծառայությունների հասանելիության, որակի և մատչելիության մասին։
«Մեր Կառավարությունն աննախադեպ քայլ է արել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ, սա այն դրական փոփոխությունն է, որին շատերն էին սպասում, հատկապես 65-ից բարձր տարիքի քաղաքացիների համար այս համակարգը հնարավորություն է օգտվելու մի շարք թանկարժեք բուժծառայություններից, որոնք մինչև համընդհանուր ապահովագրության ներդնումը պետական պատվերով կամ չէին տրամադրվում, կամ համավճարի տարբերակով միայն մի մասն էր պետության կողմից փոխհատուցվում։ Մնում է մեր բնակիչները տեղեկացված լինեն, բուժաշխատողներն էլ առավել հոգատար ու հետևողական՝ բուժսպասարկումը ժամանակին ու որակով իրականացնելու համար»,- նշել է մարզպետը։
Պացիենտները կիսվել են տպավորություններով՝ նշելով ապահովագրության դրական կողմերի մասին ու կարևորելով բուժծառայությունների հասանելիությունը։
Մարզպետը եղել է նաև «Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայում», այստեղ ևս Դավիթ Առուշանյանը շրջել է հաստատությունում, կարևորել տեղում արձանագրվող դիտարկումների հավաքագրումը՝ ընդգծելով, որ բուժաշխատողների և բուժառուների կարծիքները էական նշանակություն ունեն բարեփոխումների շարունակական կատարելագործման և համակարգի արդյունավետ կիրառման համար։ Դավիթ Առուշանյանը վստահեցրել է, որ բարձրացված հարցերն ու առաջարկները կփոխանցվեն նախարարություն՝ առողջապահական քաղաքականության բարելավման նպատակով։
Շրջայցի ընթացքում մարզպետն անդրադարձել է նաև պոլիկլինիկաների ընդհանուր աշխատանքներին, շենքային պայմաններին, սարքավորումներով ապահովվածությանը, քննարկել ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքները։
Նշենք, որ «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան» օրերս ուլտրաձայնային ախտորոշիչ նոր սարք է ստացել Առողջապահության նախարարության կողմից, իսկ «Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկան» 2025-ին ձեռք է բերել նոր սերնդի իմունոֆերմենտային անալիզատոր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-20 17:56:33