Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ
21.01.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2026 թվականի առաջնահերթ անելիքները, մեկնարկած ծրագրերի կատարման ընթացքը, ինչպես նաև աշխատանքային կարգապահությանն ու պատասխանատվությանը վերաբերող հարցեր։
«Մեր բոլորի աշխատանքի կարևոր նախապայմանն ու սկզբունքը քաղաքացիների հոգսերի թեթևացումն է և այդ նպատակին պետք է միտված լինի յուրաքանչյուրիրս ջանքն ու քայլը։ Մարզի ազգաբնակչության կյանքի որակի փոփոխության համար պետք է անենք հնարավորը։ Արված աշխատանքը քիչ չէ, սակայն անելիքներն էլ քիչ չեն, ուրեմն պետք է առավել պատասխանատվությամբ ու հոգատարությամբ ձեռնամուխ լինենք առաջիկա անելիքներին»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Դավիթ Առուշանյանը կարևորել է հանձնարարությունների սահմանված ժամկետների պահպանումը, ծրագրերի արդյունավետ իրականացումը, վերահսկողության մեխանիզմների խստացումը։ Մարզպետը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ ուղղված աշխատանքների որակի բարձրացմանը, ոլորտային հսկողությանն ու առավել արդյունավետ հաղորդակցությանը։












