Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

27.01.2026

Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրել՛ի շիրակցիներ,
Այս տարի առաջին անգամ, որպես պետականորեն հաստատված հիշատակի օր, նշում ենք Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը: Թեպետ այն օրացուցային ամրագրում է ստացել միայն այժմ, սակայն մեր հերոսների հիշատակն ու նրանց արած զոհողության կարևորումը բոլորիս մեջ է մշտապես։
Այսօր առանձնակի ակնածանքով խոնարհվում ենք հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած մեր բոլոր հերոսների հիշատակի առաջ։
Ինչքան ծանր, նույնքան սուրբ օր է այսուհետ լինելու հունվարի 27-ը բոլորիս համար։ Այն լռության, խոհի և մեծ երախտագիտության օր է, երբ ամբողջ ազգով հիշում ենք նրանց, ովքեր ամենաթանկի՝ կյանքի գնով պահեցին մեր հողը, մեր արժանապատվությունն ու մեր ապագայի հույսը։
Այս օրը կոչ է ոչ միայն հիշելու, այլ նաև գիտակցելու մեր պատասխանատվությունը քաջորդիների կատարած հերոսության հանդեպ։
Այսօր մեր սրտերում են բոլոր հերոսների ընտանիքները՝ ծնողները, զավակները, հարազատները։ Նրանց ցավն ու կորուստը մեր բոլորի վիշտն է, և մեր պարտքն է լինել նրանց կողքին՝ ոչ միայն խոսքով, այլև գործով։ Մենք պետք է արարելով ու աշխատանքով, Հայաստանը շենացնելով արժանի դառնանք նրանց անչափելի վշտին ու կորստին։
Թող այս հիշատակի օրը մեզ դարձնի առավել համախմբված, առավել ուժեղ և առավել վճռական՝ պաշտպանելու մեր երկիրը, հող հայրենին, պետականությունն ու արժանի լինելու մեր հերոսների հիշատակին, թող հունվարի 27-ը դառնա միասնականության, արժանապատվության և հավերժ երախտագիտության խորհրդանիշ։
Նրանց անունները կապրեն մեր սրտերում և մեր պատմության հերոսական էջերում։
Խոնա՛րհվում եմ մեր հերոսների անմար հիշատակի առաջ։
Փա՛ռք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-27 11:52:46