Նորություններ
Շիրակի մարզպետը Ոսկեհասկ բնակավայրում ներկա է գտնվել նոր վերանորոգված սպորտային համալիրի բացման արարողությանը
03.02.2026
իրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ Ոսկեհասկ բնակավայրում այսօր ներկա է գտնվել նոր վերանորոգված սպորտային համալիրի բացման արարողությանը։
Միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր։
Մարզպետ Դավիթ Առուշանյանը ողջունել է ներկաներին և կարևորել մարզական ենթակառուցվածքների զարգացումն ու նման նախաձեռնությունների դերը հատկապես երիտասարդների առողջ ապրելակերպի ձևավորման և համայնքային կյանքի աշխուժացման գործում։
«Շատ կարևոր օր է բոլորիս համար, այսպիսի կենտրոնի գործունեությունը առողջ ապրելակերպի, սպորտի զարգացման նախապայման է։ Այս համալիրի բացումը պետության, համայնքի, գյուղի բնակիչների համագործակցության լավագույն օրինակ է, իսկ նմանատիպ ձեռնարկների արդյունքում կզարգանա բնակավայրը, համայնքն ու երկիրը»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Նոր սպորտային համալիրը շուրջ 600 քառակուսի մետր տարածք ունի և նախկինում կիսավեր վիճակում է եղել։ Շինարարական և վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականից։
Մարզադպրոց ունենալու գաղափարը նախաձեռնել են ինչպես արտերկրում, այնպես էլ Ոսկեհասկում բնակվող երիտասարդները, որոնք նաև աջակցություն են ցուցաբերել ծրագրի իրականացմանը։ Նորաբաց մարզական կենտրոնը հնարավորություն կտա համայնքի երեխաներին և երիտասարդներին զբաղվել տարբեր մարզաձևերով՝ ունենալով համապատասխան պայմաններ։
Ծրագրի իրականացման համար ծախսվել է շուրջ 300 հազար Ամն դոլար: Համայնքի ներդրումը կազմել է 60 մլն դրամ:
Մարզահամալիրը հանձնվելու է համայնքապետարանի հաշվեկշիռ, պահպանման և աշխատողների ծախսերը հոգալու է համայնքը։
















