Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն արտագնա աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Արթիկ և Անի համայնքներում

10.02.2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այսօր արտագնա աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Արթիկ և Անի համայնքներում։
Արթիկում համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, բնակավայրերի վարչական ղեկավարների հետ քննարկվել են 2026-ի անելիքները, արդեն պլանավորած ծրագրերն ու դրանց վերահսկողությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սուբվենցիոն ծրագրերին։ 2026-ի սուբվենցիոն ծրագրերը վերջնական տարբերակով ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն է։
Դավիթ Առուշանյանը հորդորել է պատասխանատուներին լինել հետևողական, հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք, նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատշաճ ներկայացնել, դրանք համաձայնեցնել մատակարար կազմակերպությունների հետ։
«2025-ին մարզում շատ լուրջ ներդրումներ եղան, քաղաքաշինության բնագավառում իրականացվեց մեծածավալ աշխատանք։ Այս արդյունքները պատահական չեն․ դրանք հետևողական աշխատանքի և ճիշտ համագործակցության արդյունք են։ Մեր հիմնական նպատակը պետք է լինի 2026 թվականին ոչ միայն պահպանել ձեռք բերվածը, այլև չդանդաղեցնել զարգացման տեմպերը՝ առաջ շարժվելով ավելի հավակնոտ ծրագրերով։ Պետություն–համայնք համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում անելիքները առավել քան կարևոր են, և այստեղ յուրաքանչյուրիս հետևողականությունը վճռորոշ նշանակություն ունի։ Հետևողականությունն ու պատասխանատվությունը պահանջվում են բոլորիս կողմից․ մենք հապաղելու տեղ չունենք, ինչպես նաև թերանալու իրավունք չունենք, քանի որ մեր աշխատանքի արդյունքները պետք է ծառայեն մեր համայնքների և մեր քաղաքացիների բարեկեցությանը»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը՝ բարձր գնահատելով համայնքների նախաձեռնողականությունն ու հոգատար վերաբերմունքը պետական միջոցները նպատակային ծախսելու առումով։
2025-ին Արթիկ համայնքը պետության հետ համագործակցությամբ իրականացրել է 1 մլրդ 316 մլն դրամ գումարի 9 սուբվենցիոն ծրագիր՝ 50 ենթածրագրերով, աշխատանքներ են իրականացվել համայնքի 22 բնակավայրերում։
2026-ի համար Արթիկը նախնական 3․5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է նախապատրաստել, նախատեսվում է բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալարկման, լուսավորության, խմելու ջրագծերի ներքին ցանցի, ոռոգման համակարգերի, խաղահրապարակների կառուցման աշխատանքների իրականացում։
2025-ին Արթիկում պետական աջակցությամբ վերանորոգվել է 5 դպրոց՝ ընդհանուր 1 մլրդ 11մլն 879 հազար դրամ արժեքով։ Համայնքում ընթացքի մեջ են 4 դպրոցների կառուցման աշխատանքներ՝ ընդհանուր 6 մլրդ 965 մլն արժեքով, կառուցվում է 2 մանկապարտեզ՝ 1 մլրդ 608 մլն դրամի շրջանմակներում։
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, համայնքի վարչական ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում ևս անդրադարձ է կատարվել 2026-ի անելիքներին և 2026-ի սուբվենցիոն ծրագրերի ներկայացմանը։
Անի համայնքում 2025-ին իրականացվել է 602 մլն դրամի 4 սուբվենցիոն ծրագիր՝ 10 ենթածրագրով, աշխատանքներ են իրականացվել 7 բնակավայրերում։
Մարզպետին ներկայացրել են, որ 2026-ի համար նախապատրաստվում են ներբնակավայրային փողոցների և բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատում իրականացնել, ըստ նախնական հաշվարկների՝ 1․1 մլրդ դրամ գումարի շրջանակներում։
Անի համայնքում պետական աջակցությամբ ընթացքի մեջ են 2 դպրոցների կառուցման աշխատանքներ՝ ընդհանուր 4 մլրդ 11 մլն դրամ արժեքով, կառուցվում են 2 մանկապարտեզներ՝ 975 մլն 649 հազար դրամի շրջանակներում։
Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, պետական աջակցության ծրագրերի ընթացքին։ Ոլորտային պատասխանատուների զեկույցի համաձայն, 2025-ի աշնանացանի տվյալները գոհացուցիչ են, ցանքատարածությունների թիվն ավելացել է, մարզում իրականացվել է 19357 հա աշնանացան, որից շուրջ 13 հազարը բուսաբուծության աջակցության պետական ծրագրի շրջանակներում։
Անդրադարձ է կատարվել համայնքապետարանների փաստաթղթաշրջանառությանն ու սեփական եկամուտների հավաքագրմանը, նախադպրոցական, մշակութային, կրթական և սպորտային հաստատությունների գործունեությանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-11 16:15:24