Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ԿԸՀ նախագահի հետ ներկա է գտնվել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար կազմակերպված դասընթացների մեկնարկին

11.02.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ այսօր ներկա է գտնվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Տարածքային կառավարման և ենթառուցվածքների նախարարության և IFES Armenia-ի համագործակցությամբ կազմակերպված դասընթացների մեկնարկի միջոցառմանը։
2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ դասընթացներն անցկացվում են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար։
Շիրակի մարզում դասընթացներին մասնակցել են մարզպետի, մարզի բոլոր համայնքների աշխատակազմերի ոլորտային պատասխանատուները։
«Մեր քաղաքական ուժի ամենամեծ ձեռքբերումներից մեկը ազատ, արդար ընտրություններ կազմակերպելն է, իսկ առաջիկա համապետական ընտրությունները կարևոր հանգրվան են մեր երկրի ժողովրդավարական զարգացման ճանապարհին։ Դրանց կազմակերպման որակը կախված է նաև տեղերում իրականացվող համակարգված և պատասխանատու աշխատանքից։ Այստեղ մեծ դեր ունենք բոլորս, մեր խնդիրն է որևէ կերպ չստվերել գործընթացն ու պատշաճ աշխատանք տանել։ Ուստի նման դասընթացները կարևոր ներդրում են թե՛ մասնագիտական կարողությունների ամրապնդման, թե՛ ընտրական գործընթացների թափանցիկության և վստահության բարձրացման գործում»,- ողջույնի խոսքում նշել է մարզպետը՝ ընդգծելով, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է շարունակական համագործակցության ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այնպես էլ համայնքապետարանների, ոլորտի պատասխանատու մյուս կառույցների հետ՝ ապահովելու օրինական, կազմակերպված և բարձր մակարդակով անցկացվող ընտրություններ։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ նշել է, որ իրենց նպատակը գիտելիքներով և հստակ գործիքակազմով զինված մասնագետների թիմ ձևավորելն է, որը կկարողանա արդյունավետորեն արձագանքել ընտրական գործընթացների ընթացքում առաջացող բոլոր մարտահրավերներին։
Դասընթացների թեմաներն առնչվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներին, ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի օգտագործման բացառմանն ու ընտրական գործընթացում մատչելիության ապահովմանը։
Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դասընթացների ծրագրային բաղադրիչներին, ընտրական օրենսդրության վերջին փոփոխություններին և տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությանը ընտրական գործընթացներում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-13 17:55:33