Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների ամփոփմանը

14.02.2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի հետ նախօրեին ներկա է գտնվել Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների ամփոփմանը:
Ամփոփմանը մասնակցել են Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:
Արմեն Չիչոյանը, ներկայացնելով Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ նախաձեռնվել է 2763 քրեական վարույթ (2024 թվականին՝ 3297 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 768 քրեական վարույթ՝ 807 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 520 քրեական վարույթ՝ 591 անձի վերաբերյալ):
2025 թվականին դատարաններում ավարտվել է 735 քրեական գործ՝ 824 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 522 քրեական գործ՝ 578 անձի վերաբերյալ):
Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 77 միլիոն 160 հազար դրամ: 2025 թվականին Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 21 միլիոն 972 հազար դրամը:
Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Շիրակի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 32 միլիոն 673 հազար դրամ:
Բացի այդ, Արմեն Չիչոյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական և վարչական դատարանների կողմից վարույթ են ընդունվել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված 3 հայցեր: Դատախազությունը հայցերով պահանջել է Գյումրի, Արթիկ ու Ամասիա համայնքների սեփականության իրավունքը վերականգնել Գյումրի համայնքի Արագած 6 թաղամասում գտնվող գույքի, Արթիկ համայնքի Շինարարների փողոցի 7 հասցեում գտնվող՝ նախկին մսուր-մանկապարտեզի 964.20 քմ մակերեսով շինության և Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.5813 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ:
ՀՀ գլխավոր դատախազություն 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-17 10:42:03