Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել «Ամիրյան» պարարվեստի կենտրոնի նոր մասնաճյուղի բացման արարողությանը
16.02.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ներկա է գտնվել «Ամիրյան» պարարվեստի կենտրոնի նոր մասնաճյուղի բացման արարողությանը։ Կենտրոնում ուսանելու հնարավորություն կունենան 6-16 տարեկան երեխաները։ Նոր մասնաճյուղի գործունեությունը հնարավորություն կտա ավելի մեծ թվով երեխաների և պատանիների ներգրավել պարարվեստի ուսուցման գործընթացում՝ ստանալով մասնագիտական պատրաստվածություն և հանդես գալով տարբեր բեմական հարթակներում։
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին, կարևորել նման նախաձեռնությունների դերը մարզի մշակութային կյանքում․ «Ուրախ եմ, որ Շիրակի մարզում բացվում է ևս մեկ մշակութային կենտրոն, որը հնարավորություն կտա մեր երեխաներին կտրվելու փողոցից, բացահայտելու իրենց ունակությունները։ Վստահ եմ, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստելու են մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության զարգացմանը, այլև ունենալու ենք կարգապահ, նպատակասլաց և ազգային արժեքներին հավատարիմ սերունդ»։
Կենտրոնում դասավանդվելու են հայկական ժողովրդական, ազգագրական, դասական պարեր, մարմնամարզություն։












