Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության ներկայացուցիչներին
24.02.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության ներկայացուցիչներին՝ գործակալության տնօրեն Բերնդ Բրունների գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետը ներկայացրել է Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական ընդհանուր պատկերը, զարգացման առաջնահերթությունները և առկա ներուժը։ Նա ընդգծել է, որ մարզը, ունենալով զբոսաշրջային, մշակութային, գյուղատնտեսական հարուստ ավանդույթներ, մարդկային կապիտալի մեծ պաշար և ռազմավարական աշխարհագրական դիրք, պատրաստ է ընդլայնելու համագործակցությունը բոլոր առումներով՝ ի շահ Շիրակի մարզի հեռանկարային զարգացման։
«Շիրակի մարզպետի աշխատակազմը բարձր է գնահատում ձեր աշխատանքնեը մարզում, իրականացրած ծրագրերի արդյունավետությունը համայնքների կայուն զարգացման և տեղական կարողությունների ամրապնդման տեսանկյունից։ Այսուհետ էլ մենք պատրաստ ենք համագործակցության և լիազորությունների շրջանակում կանենք հնարավորը նոր նախաձեռնությունները կյանքի կոչելու, իրականացված ծրագրերն ամրապնդելու համար»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Բերնդ Բրունները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել գործակալության գործունեության հիմնական ուղղությունները Հայաստանում, անդրադարձել մարզում վերջին 5 տարիներին իրականացված LEAD4Shirak ծրագրին, որի ընդհանուր բյուջեն մոտ 4.5 մլն եվրո է եղել և դրանից 1․5 մլն եվրոն հատկացվել է դրամաշնորհային ծրագրերին, իրականացվել է 132 համայնքային ծրագիր, ստեղծվել 117 աշխատատեղ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել համատեղ աշխատանքը։








