Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության Լյուսակ-լե-Շատո քաղաքի «Նախապատմության թանգարանի» տնօրեն Ֆրանսուա Դեբրաբանտին

24.02.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության Լյուսակ-լե-Շատո քաղաքի «Նախապատմության թանգարանի» տնօրեն Ֆրանսուա Դեբրաբանտին, Շիրակի մարզպետի աշխատակազմի «Շիրակի երկրագիտական թանգարանի» տնօրեն Մերուժան Մինասյանին և երկու թանգարանների գիտաշխատողներին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են «Շիրակի երկրագիտական թանգարանի» թանգարանային 137 նմուշները Ֆրանսիայի «Նախապատմության թանգարանում» ցուցադրության տեղափոխելուն առնչվող հարցեր։
Դավիթ Առուշանյանը ողջունել է հյուրերին, պատմել Շիրակի մարզի, մասնավորապես, Գյումրու մասին, նշել, որ Շիրակը հնագիտական հարուստ շերտերով ու դարավոր մշակութային ավանդույթներով աչքի ընկնող տարածաշրջան է։ Նա ընդգծել է, որ այստեղ յուրաքանչյուր հուշարձան իր պատմությունն ունի, իսկ հնավայրերը վկայում են հազարամյակների շարունակական կյանքի մասին։ Մարզպետը խոսել է նաև Գյումրու՝ որպես զբոսաշրջության, արվեստների և արհեստների քաղաքի մասին՝ ներկայացնելով նրա ճարտարապետական ինքնատիպությունը, ստեղծագործ ոգին և հյուրասիրությամբ հայտնի բնակիչներին։
«Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը երկար դարերի պատմություն ունի, վերջին շրջանում դրանք առավել սերտանում են թե դիվանագիտական ուղղությամբ, թե մշակութային կապերի առումով։ Ուրախ եմ, որ մեր երկրագիտականի ցուցանմուշները կներկայացվեն բարեկամ Ֆրանսիայում, քանզի հազարամյակների հնություն ունեցող անգին գանձերը միայն Շիրակի մարզինը չեն, այլև ողջ աշխարհինը։ Դրանք մարդկության հավաքական հիշողության ու մշակութային ժառանգության մասն են, որոնք միավորում են ժողովուրդներին՝ հիշեցնելով, որ պատմությունն ու արժեքները սահմաններ չեն ճանաչում։ Թող այս ցուցադրությունը դառնա նոր կամուրջ Հայաստանի և Ֆրանսիայի միջև՝ ամրապնդելով բարեկամությունը, փոխըմբռնումն ու համագործակցությունը»։
Լյուսակ-լե-Շատո քաղաքի «Նախապատմության թանգարանի» տնօրեն Ֆրանսուա Դեբրաբանտին շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության, անմիջական վերաբերմունքի համար՝ ընգծելով, որ կարևոր է, երբ պետական պաշտոնյաները գնահատում են պատմական ժառանգության հանրահռչակումն ու երկրների մշակութային կապերի ամրապնդումը։
Նշենք, որ «Շիրակի երկրագիտական թանգարանի» վաղ բրոնզի դարաշրջանը ներկայացնող 87 անուն թանգարանային նմուշները՝ ընդհանուր 137 առարկաներ, մայիսի 22-ից հոկտեմբերի 31-ը կներկայացվեն Լյուսակ-լե-Շատո քաղաքի «Նախապատմության թանգարանում»՝ համատեղ ցուցահանդեսի շրջանակներում։
Ցուցանմուշների փաթեթվորման, առաքման, վերադարձի հարցերով զբաղվելու են մասնագետները, ժամանակավոր արտահանվող թանգարանային առարկաների ապահովության, առաքման, վերադարձի ծախսերը իրականացնում է հրավիրող կողմը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-25 12:16:01