Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպել է առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող Գյումրու բժշկական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների հետ
27.02.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպել է առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող Գյումրու բժշկական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Շիրակի մարզում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանն ու իրականացմանն առնչվող հարցեր։
Դավիթ Առուշանյանը հետաքրքրվել է աշխատանքների ծավալով, դիմելիության և ուղեգրումների ցուցանիշներով, առաջացած խնդիրներով՝ կարևորելով բժշկական ծառայությունների անխոչընդոտ իրականացումը։
«Կառավարության կողմից մշակված լավագույն ծրագրերից է համընդհանուր ապահովագրությունը, այն կարևոր ռազմավարական քայլ է՝ ուղղված առողջապահական ծառայությունների հավասար և արդար հասանելիության ապահովմանը։ Ծրագիրը հնարավորություն է տալիս նվազեցնել քաղաքացիների ֆինանսական բեռը, բարձրացնել ծառայությունների որակը և ձևավորել առավել կանխատեսելի ու կայուն առողջապահական համակարգ։ Դրա արդյունավետ կիրառումը նպաստելու է սոցիալական արդարության ամրապնդմանը և բնակչության առողջության պահպանման մակարդակի բարձրացմանը։ Մեզ համար առաջնային է, որպեսզի համակարգի ներդրումն իրականացվի հստակ և վերահսկելի ձևով։ Անհրաժեշտ է մշտադիտարկել դիմելիության և ուղեգրումների ցուցանիշները, արագ արձագանքել առաջացող խնդիրներին և ապահովել, որ որևէ քաղաքացի չբախվի ավելորդ խոչընդոտների։ Բժշկական ծառայությունների հասանելիությունն ու որակը պետք է լինեն մեր աշխատանքի առանցքում»։
Տնօրենները ներկայացրել են աշխատանքների ընթացքն ու նշել, որ համընդհանուր ապահովագրության համակարգով պայմանավորված այցելությունների ցուցանիշները բավական աճել են, բարձրացել է բուժաշխատողների ծանրաբեռնվածությունը, սակայն բուժհաստատությունները անում են հնարավորը առանց թերացումների աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի առաջնահերթություններին և առաջիկայում նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքին ու ժամանակացույցին։
Քննարկվել են ոլորտային զարգացման ուղղությունները, կարևորվել է նախանշված նպատակների հստակեցումը, պատասխանատուների շրջանակի սահմանումը և հաշվետվողականության մեխանիզմների ամրապնդումը՝ ակնկալվող արդյունքները լիարժեք ապահովելու համար։










