Նորություններ
Նշվել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Պավել Մանուկյանի՝ Պաշի, ծննդյան 25-ամյակը
05.03.2026
«Հայրենիքի համար ընկած հերոսները չեն հեռանում․ նրանք ապրում են հայրենիքի յուրաքանչյուր շնչի մեջ, յուրաքանչյուր սերնդի հիշողության մեջ, նրանք դառնում են հավերժություն»։
Այսօր նշվել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Պավել Մանուկյանի՝ Պաշի, ծննդյան 25-ամյակը։ Հերոսի հիշատակին կազմակերպված միջոցառումը լի է եղել հուզիչ ու հայրենասիրական պահերով՝ միավորելով նրա հարազատներին, դասընկերներին ու ընկերներին, զինակիցներին։
Միջոցառման ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հերոսի հիշատակը, ապա հիշել նրա կարճ, բայց հերոսական կյանքը՝ ընդգծելով այն արժեքները, որոնց համար նա կռվել ու անմահացել է։
Ներկաներին ողջունել և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անունից խոնարհումի խոսքն է հղել մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը․ «Այսօր մենք հավաքվել ենք հիշելու և մեծարելու 44-օրյա պատերազմի անմահ հերոս, մեր քաջ զինվոր Պավել Մանուկյանին՝ նրա ծննդյան 25-ամյակի առթիվ։ Թեպետ նրա երկրային ճանապարհը կարճ էր, սակայն նրա սխրանքը հավերժ է, իսկ նրա անունը՝ անջնջելի մեր ժողովրդի հիշողության մեջ։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անունից ցանկանում եմ խորին հարգանքի և երախտագիտության խոսք հղել հերոսի ծնողներին ու հարազատներին։ Դուք դաստիարակել եք իսկական հայրենասեր զավակ, ով ամենաթանկը՝ կյանքը, նվիրեց հայրենիքի պաշտպանությանը։ Նա և մեր մյուս հերոս տղաները դարձան մեր ժամանակների արժանապատիվ խորհրդանիշը։ Նրանց քաջությունը մեզ պարտավորեցնում է պահպանել ու հզորացնել մեր հայրենիքը, ապրել և արարել այնպես, որ արժանի լինենք նրանց հիշատակին։
Պավել Մանուկյանի անունը հավերժ կմնա մեր սրտերում՝ որպես անձնազոհության, խիզախության և հայրենիքի հանդեպ անսահման սիրո խորհրդանիշ։ Հավերժ փա՛ռք մեր հերոսներին»։
Հատկանշական ու առանձնահատուկ պահ է դարձել Պավել Մանուկյանի հիշատակին գրված երգի պրեմիերան։ Կարեն Աթոյանի հեղինակած երգը ստեղծվել է հերոսի կերպարից ու նրա սխրանքից ներշնչված։ Երգի բառերը պատմում են երիտասարդ զինվորի երազանքների, խիզախության և հայրենիքի հանդեպ անսահման սիրո մասին, նշում, որ քաջ մարտիկի հիշատակը վառ կպահի նաև նրա փոքրիկ քույրը՝ Էմին։
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ են խոնարհել հերոսի հուշակոթողին։ 44-օրյա պատերազմի հերոսները, այդ թվում նաև Պավել Մանուկյանը, դարձան մեր ժամանակների անմար լույսը՝ հիշեցնելով, որ հայրենիքը պաշտպանելու սուրբ պարտքը շարունակում է ապրել յուրաքանչյուր հայի սրտում։


















