Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Տարածքային կառավարման նախարարությունում մասնակցել է խորհրդակցության
07.03.2026
Տարածքային կառավարման նախարարությունում նախօրեին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, մարզպետի աշխատակազմի, Ճանապարհային դեպարտամենտի, Գյումրու համայնքապետարանի, ՎԶԵԲ-ի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի, Շիրակացի փողոցի շինարարության, մատակարար կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ-ի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի Գ և Դ Տրանշների շրջանակներում Անի և Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքներին, Շիրակացի փողոցի շինարարության ընթացքին առնչվող հարցեր։
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի մասով արդեն հայտնի է նախագծողը և շուտով կկազմվեն նախագծային փաստաթղթերը։
«Բյուրոկրատական քաշքշուկներն ու ավելորդ թղթաբանությունը մեր քաղաքացիներին բացարձակապես չեն հետաքրքրում։ Չնայած այն հանգամանքին, որ մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով և փորձում ենք հնարավորինս արագ առաջ շարժվել ծրագրի իրականացման հարցում, այդ աշխատանքների արդյունքը տեսանելի չէ քաղաքացիների համար։ Մինչդեռ մեր հիմնական նպատակը մեկն է՝ հնարավորինս կարճ ժամկետում սկսել շինարարական աշխատանքները և ապահովել շոշափելի արդյունք։ Մեր խնդիրն օր առաջ շինարարությունը սկսելն է, որպեսզի Գյումրու բնակիչները ունենան բարեկարգ, անվտանգ և ժամանակակից չափանիշներին համապատասխան ճանապարհներ ու մայթեր։ Սա ոչ միայն քաղաքային ենթակառուցվածքների բարելավման հարց է, այլ նաև մարդկանց առօրյա կյանքի հարմարավետության, երթևեկության անվտանգության և քաղաքի ընդհանուր զարգացման կարևոր բաղադրիչ։ Մենք կարևորում ենք, որպեսզի ծրագրի իրականացման գործընթացը լինի հնարավորինս արդյունավետ և առանց անհարկի ձգձգումների։ Բոլոր ներգրավված կառույցները պետք է գործեն համատեղ և համակարգված՝ արագացնելու անհրաժեշտ ընթացակարգերը և ապահովելու աշխատանքների մեկնարկը հնարավորինս սեղմ ժամկետներում»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
Շիրակացի փողոցի շինարարության մասով նշվել է, որ եղանակների տաքանալուն զուգընթաց դրանք կմեկնարկեն, աշխատանքների համար Կառավարությունը 898 մլն 43 հազար դրամ է նախատեսել։ Գումարի շրջանակենրում հիմնանորոգվելու է Շիրակացի փողոց՝ Մ-1 Երևան-Գյումրի ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի տարանցիկ 2,4 կմ երկարությամբ հատվածը։
Դավիթ Առուշանյանը կարևորել է բոլոր կառույցների հետևողականությունն ու հոգացավ մոտեցումը աշխատանքներին՝ ընդգծելով, որ համակարգված և պատասխանատու աշխատանքի շնորհիվ միայն հնարավոր կլինի այս մասշտաբի աշխատանքներն իրականացնել ժամկետներում ու որակով։












