Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրենին
10.03.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցականների շրջանում զինվորական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, ինչպես նաև ռազմամարզական վարժարան դիմելու հնարավորություններին առնչվող հարցեր։
Ռազմական կրթությունը ոչ միայն ապագա սպայական կազմի ձևավորման հիմքն է, այլ նաև երիտասարդների մեջ պատասխանատվության, կազմակերպվածության և հայրենիքի նկատմամբ պարտքի գիտակցության ամրապնդման կարևոր գործոն։ Մեր խնդիրն է դպրոցականներին ճիշտ ժամանակին ներկայացնել այն հնարավորությունները, որոնք տալիս է ռազմամարզական վարժարանը՝ ապահովելով նրանց կրթությունը»,- նշել է մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Ալեքսանդր Մանուչարյանն անդրադարձել է ռազմամարզական վարժարանի ընձեռած հնարավորություններին՝ ընդգծելով, որ վարժարանն իր կրթական ու ռազմամարզական ծրագրերով նպաստում է աշակերտների համակողմանի զարգացմանը՝ միավորելով ակադեմիական կրթությունը, ֆիզիկական պատրաստվածությունն ու ռազմական դաստիարակությունը։ Վարժարանում դասավանդվում է ռազմագիտական 9 ծրագիր, բոլոր աշակերտները ստանում են կրթաթոշակ, ապահովված են սննդով, հագուստով, առողջապահական ապահովագրությամբ։
Զրուցակիցները կարևորել են դպրոցների և ռազմամարզական վարժարանի միջև համագործակցության ընդլայնումը, տեղեկատվական հանդիպումների կազմակերպումը և աշակերտների մասնագիտական կողմնորոշման գործընթացի առավել արդյունավետ իրականացումը։
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով, Ալեքսանդր Մանուչարյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հանձնել է պատվոգիր ռազմամարզական վարժարանին ռազմական կրթության գրավչության շրջանակներում ցուցաբերած էական աջակցության համար։
Վարժարանի տնօրենն ու մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն այնուհետև մասնագիտական կողմնորոշման հանդիպում են անցկացրել Շիրակի մարզի մի շարք դպրոցների ավագ դասարններում սովորող աշակերտների և նրանց ծնողների հետ, որոնք հետքրքրված են ուսումը ռազմական վարժարանում շարունակելու հարցով։
Վարժարանի տնօրենը պատասխանել է ծնողներին և աշակերտներին հետաքրքրքող հարցերին։ Ցուցադրվել է ռազմական վարժարանի գործունեության մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ։
Ռազմագիտական կրթության գրավչության շրջանակում, Շիրակի մարզի դպրոցականների ու նրանց ծնողների հետ հանդիպումներ կլինեն Արթիկում, Նոր Կյանքում, Մարալիկում, Աշոցքում և Ամասիայում։
















