Նորություններ
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում բացվել է ներառական և նորարարական ուսումնական տարածք
10.03.2026
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում այսօր բացվել է ներառական և նորարարական ուսումնական տարածք։
Ուսումնական տարածքի բացման արարողությանը մասնակցել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, մարզպետի խորհրդական Վանիկ Մարտիրոսյանը, «Հայկական Կարիտասի» գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:
Ալբերտ Այվազյանը կարևորել է ուսումնական սենյակի նպատակային օգտագործումը թե՛ մասնագետների, թե՛ ուսանողների համար․ «Ուրախալի է, որ երկու կառույցների արդյունավետ համագործակցության արդյունքում այսօր քոլեջում բացվում է նման կահավորված դասարան, որը ոչ միայն հանդիպումների, այլև հանգստի համար նախատեսված գեղեցիկ միջավայր է: Տա Աստված, որ համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծված այս սենյակը լիարժեք ծառայի իր նպատակին՝ ինչպես մասնագետների, այնպես էլ ուսանողների համար: Հուսով եմ, որ այն հետագայում կհամալրվի նաև ընթերցանության համար անհրաժեշտ մասնագիտական գրականությամբ ու համապատասխան դիդակտիկ նյութերով, ինչն է՛լ ավելի կնպաստի կրթության որակի բարձրացմանը»:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ուսումնական տարածքի բացումն իրականացվել է «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում:
Նորաստեղծ տարածքը նախատեսված է ուսանողների ոչ ֆորմալ հանդիպումների, քննարկումների և ընթերցանության համար: Այն ծառայելու է որպես ներառականության գործնական օրինակ՝ ապահովելով հավասար և հյուրընկալ միջավայր բոլոր ուսանողների համար: Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության (BMZ) և «Կարիտաս Գերմանիայի» կողմից:
















