Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն արտագնա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ախուրյան համայնքում
11.03.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ այսօր արտագնա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ախուրյան համայնքում։ Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, բնակավայրերի վարչական ղեկավարների հետ քննարկվել են 2026-ի անելիքները, արդեն պլանավորած ծրագրերն ու դրանց վերահսկողությանն առնչվող հարցեր։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհների վերանորոգմանը, բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև բնակիչներին հուզող մի շարք սոցիալական խնդիրների։
Դավիթ Առուշանյանը կարևորել է համայնքային իշխանությունների և մարզպետի աշխատակազմի միջև արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ միայն համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի լուծել բնակիչներին հուզող խնդիրները։
«Մեզ համար առաջնահերթ է, որ համայնքի յուրաքանչյուր բնակավայրի խնդիրն ուշադրության կենտրոնում լինի։ Կարևոր է լսել բնակիչների ձայնը, հասկանալ նրանց հոգսերը և միասին աշխատել դրանց լուծման ուղղությամբ։ Համագործակցությունն ու համակարգված աշխատանքը այն ճանապարհն են, որով կարող ենք իրական արդյունքներ ապահովել և զարգացնել համայնքը»,- նշել է մարզպետը։
Համայնքի ղեկավարը նշել է, որ 2026-ին նախատեսում են փողոցաշինական աննախադեպ ծավալի աշխատանքներ իրականացնել, խոսքը 38 փողոցների հիմնանորոգման մասին է, այդ նպատակին նախատեսել են 2 մլրդ դրամ։
Անդրադարձ է կատարվել սուբվենցիոն ծրագրերին։
Ախուրյանում 2025-ի ընթացքում իրականացվել է համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 12 սուբվենցիոն ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 642 մլն դրամ։
Դավիթ Առուշանյանը հորդորել է պատասխանատուներին լինել հետևողական, իրականացնել վերահսկողություն, հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք, նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատշաճ ներկայացնել, դրանք համաձայնեցնել մատակարար կազմակերպությունների հետ։
Աշխատանքային քննարկումները կրելու են, պարբերաբար հետևել ծրագրերի ընթացքին և անհրաժեշտության դեպքում օպերատիվ արձագանքել առաջացող խնդիրներին։










