Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզեպետը հանդիպել է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի պատասխանատուների հետ

13.03.2026

Շիրակի մարզեպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի տնօրեն Նունե Սաքանյանի և ծրագրի տարածքային համակարգող Արտուշ Եղիազարյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են «Արփի լիճ» ազգային պարկին հարակից համայնքների հարուստ կենսաբազմազանության պահպանման և տեղական զարգացման ծրագրին առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակում համայնքների համար նախատեսվող հնարավորությունները, թիրախային համայքների բնակավայրերի կարիքներին համապատասխան մշակվող նախաձեռնությունները։ Այդ նպատակով նախատեսվում է 8 աշխատանքային խմբերի ստեղծում, որոնց մեջ կներառվեն թիրախային բնակավայրերի քաղաքացիներ, հասարակական, կրթական, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, երիտասարդներ, ակտիվ բնակիչներ։ Այդ խմբերը հետագայում կմշակեն և կմրցակցեն համայնքային զարգացման ծրագրային առաջարկներով, ինչպես նաև կնպաստեն դրանց իրականացմանը։
«Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և լիազորությունների շրջանակում կաջակցի ձեզ՝ ծրագրի արդյունավետ իրականացման հարցում։ Որպես մարզպետ, ինձ համար առանձնակի կարևոր է Ամասիա և Աշոցք համայնքների բնակավայրերում զարգացման ծրագրերի իրականացումը։ Հասցրել եմ լինել թե Աշոցքի, թե Ամասիայի բոլոր բնակավայրերում և հստակ պատկերացնում եմ մեր հեռավոր գյուղերի խնդիրներն ու հոգսերը։ Մեր առաջնահերթություններից մեկը այս համայնքներում կենսապայմանների բարելավումը, ենթակառուցվածքների զարգացումը և մարդկանց համար կայուն սոցիալ-տնտեսական հնարավորությունների ստեղծումն է։ Կարևոր եմ համարում, որ յուրաքանչյուր ծրագիր իրական արդյունք բերի տեղում ապրող մարդկանց համար՝ նպաստելով ինչպես համայնքների զարգացմանը, այնպես էլ բնակչության բարեկեցության բարձրացմանը։ Վստահ եմ՝ համատեղ ու հետևողական աշխատանքի արդյունքում կարող ենք էական փոփոխություններ ապահովել հատկապես մեր հեռավոր բնակավայրերում»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Նունե Սաքանյանը նշել է, որ ծրագրի թիրախային բնակավայրերն են Ամասիան, Գտաշենը, Աղվորիկը, Ալվարը, Արդենիսը, Բերդաշենը, Զարիշատը, Գառնառիճը, Շաղիկը, Ծաղկուտը, Զորակերտը, Ղազանչին, Սիզավետը, Կրասարը, Մեծ Սեպասարը, Փոքր Սեպասարը, Սարագյուղը:
Նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և միաժամանակ նվազեցնել բնական ռեսուրսների օգտագործման նկատմամբ ճնշումը։
Նախաձեռնությունը իրականացվում է «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ WWF Հայաստանի հետ համատեղ, որը հանդիսանում է «Կենսաբազմազանություն և հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչի իրականացման խորհրդատուն։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-13 17:53:15