Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ԿԳՄՍ նախարարը

20.03.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Գյումրու մի շարք մարզադպրոցներ ու հանրակրթական ուսումնական հաստատություններ։
Նախարարի և մարզպետի առաջին կանգառը եղել է «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցում», պատասխանատուները շրջել, ծանոթացել են պայմաններին, մարզասրահների գույքով հագեցվածությանը, հետևել պարապմունքներին, զրուցել մարզիչների ու սաների հետ, հետաքրքրվել ուսումնամարզական գործընթացով և առկա խնդիրներով։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորել է մարզադպրոցների դերը Շիրակի մարզում՝ նշելով, որ դրանք նպաստում են ոչ միայն մարզական ձեռքբերումների շարունակությանը, այլև առողջ և ակտիվ սերնդի ձևավորմանը․ «Շիրակը, լինելով մարզական ձեռքբերումներով հարուստ մարզ, ունի մեծ ներուժ, և մեր պարտքն է ապահովել համապատասխան պայմաններ՝ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ գրանցելու համար։ Կարևոր է, որ մեր երեխաներն ու երիտասարդները մարզվեն ժամանակակից և հարմարավետ պայմաններում, քանի որ այս հաստատությունները վճռորոշ դեր ունեն մարզական կյանքի զարգացման համար։ Շիրակցի մարզիկների շնորհիվ է, որ մեր օրհներգը հնչում է աշխարհի տարբեր մրցահարթակներում»։
Ժաննա Անդրեասյանն էլ ընդգծել է, որ պետությունն անում է հնարավորը՝ մարզական հաստատություններում պայմանները բարելավելու, գույքով ապահովելու համար։
«Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցը» 2026-ին նշելու է հիմնադրման 80-ամյակը։ Այստեղ գործում են ազատ ոճի ըմբշամարտ, գեղարվեստական մարմնամարզություն, ծանրամարտ, հունահռոմեական ոճի ըմբշամարտ և սամբո մարզաձևերի ուսումնական խմբեր, որոնցում ընդգրկված են շուրջ 260 պարապողներ։
Մարզպետն ու նախարարն այցելել են «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց», այնուհետև եղել «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում»։ Դպրոցը վերանորոգվել է «300-ից մեկը» ծրագրի շրջանակներում, ծրագրի արժեքը կազմել է 332 մլն 991 հազար դրամ։ Հաստատությունն ապահովված է բոլոր հարմարություններով, լաբորատոր սարքավորումներով, որտեղ սովորում է 711 աշակերտ։
Շիրակի մարզպետն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են նաև «Գյումրու թիվ 19 դպրոց»։ Մի քանի օրից այս դպրոցի աշակերտները հնարավորություն կունենան շարունակելու ուսումնառությունը վերանորոգված, ժամանակակից և հարմարավետ պայմաններում։ Մարզպետն արված աշխատանքների որակից գոհ է մնացել և կարևորել ամեն մի մանրուք հաշվի առնելը։ Դպրոցի վերանորոգմանը հատկացվել է 383 մլն 400 հազար դրամ։
Այցի շրջանակներում պատասխանատուները եղել են Գյումրու մի շարք մարզական հաստատություններում ևս, այդ թվում՝ «Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում», «Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում», «Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում», «Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում» և «Գյումրու աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում»։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել են դպրոցների ուսումնական և մարզասրահային տարածքներում, ծանոթացել պայմաններին, հանդիպել մարզիչների և աշակերտների հետ, քննարկել դրանց նորոգմանն ու կահավորմանը, ինչպես նաև հաստատությունների զարգացմանն առնչվող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 18:11:55