Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ներկա է գտնվել LEAD4Shirak ծրագրի փակման միջոցառմանը

25.03.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ներկա է գտնվել «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» (LEAD4Shirak) ծրագրի փակման միջոցառմանը, որին մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզի համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների պատասխանատուներ, ծրագրի շահառուներ ու տեղական ակտիվ խմբերի ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին և անդրադառնալով LEAD4Shirak ծրագրի կարևորությանը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ծրագիրը ոչ միայն խթանել է համայնքային ու բիզնես նախաձեռնությունների զարգացումը, այլև ստեղծել է համագործակցության նոր մշակույթ և ամուր հիմքեր հետագա առաջընթացի համար։
«Մենք այսօր խոսում ենք մի ծրագրի փակման մասին, որը միավորել է 132 բիզնես և համայնքային նախաձեռնություն՝ շուրջ 766 մլն դրամ ընդհանուր ծավալով։ Այս տպավորիչ թվերից առավել կարևոր են մարդիկ, գաղափարներն ու զարգացող համայնքները, որոնք կանգնած են ծրագրի հիմքում։ Կցանկանամ առանձնացնել մի քանի օրինակ՝ Նոր Կյանք համայնքի վարդերի ջերմոցը, «-46»-ը՝ որպես զբոսաշրջային յուրահատուկ նախաձեռնություն, ինչպես նաև Լանջիկ բնակավայրի կարի արտադրամասը, որոնք հստակ վկայում են ծրագրի իրական ազդեցության մասին։ Ծրագրերը շատ են առանձին թվել չեմ կարող, սակայն դրանց արդյունքները տպավորիչ ու գոհացուցիչ են։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեծարգո դեսպանին, նրա ներկայությունն ու ներգրավվածությունը Շիրակի մարզում զգալի է։ Նա ոչ միայն իր ջերմ վերաբերմունքն է բերում, այլև նպաստում է նոր կապերի ձևավորմանը՝ ներգրավելով գործընկերների, որոնք իրենց հետ բերում են նոր ծրագրեր և հնարավորություններ։ Թեև ծրագիրն ավարտվում է, այն կարելի է վստահորեն հաջողված համարել։ Առավել կարևոր է, որ այն ստեղծել է ամուր հիմք՝ հետագա նախաձեռնությունների համար։ Ուրախալի է արձանագրել, որ հետերկրաշարժյան Գյումրին և Շիրակի մարզը, որ երկար ժամանակ կարիք ուներ աջակցման, այսօր վերափոխվել է զարգացող տարածաշրջանի։ Այժմ առաջնահերթ են նոր ներդրումները, աշխատատեղերի ստեղծումն ու շարունակական զարգացումը։ Եվրոպական գործընկերների կողմից իրականացվող ծրագրերը բերում են ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև նոր մտածելակերպ և մշակույթ, հատկապես բիզնեսի ու զբոսաշրջության առումով։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է շարունակել համագործակցությունը և աջակցել յուրաքանչյուր նախաձեռնության, որը միտված է մարզի զարգացմանն ու առաջընթացին»։
Ծրագրի կարևորության մասին ելույթներում ընդգծել են նաև դեսպանն ու նախարարի տեղակալը։
Նշենք, որ LEAD4Shirak ծրագիրը Շիրակի մարզում իրականացվել է 2021 թվականից, մարզում ստեղծվել են 3 տեղական ակտիվ խմբեր, որոնք գործունեությունը կշարունակեն նաև ծրագրի ավարտից հետո՝ խթանելով համայնքային զարգացմանն ու տեղական նախաձեռնությունների իրականացմանը։
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո ցուցադրվել է ֆիլմ, որտեղ ներկայացվել են անցած 5 տարիներին կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-26 12:35:39