Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
27.03.2026
Թատերարվեստի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Հարգելի՛ թատերասերներ
Ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա առթիվ, երախտագիությունս եմ հայտնում բոլոր այն նվիրյալներին, ովքեր հրաշքն իրականություն դարձնելով՝ բեմի կախարդանքը փոխանցում են հանդիսատեսին։
Թատրոնն արվեստի այն բացառիկ ճյուղերից է, որտեղ մարդը հանդիպում է ինքն իրեն՝ իր հույզերին, հակասություններին, երազանքներին ու մտահոգություններին։ Այն կենդանի խոսք է, կենդանի շնչառություն, որտեղ յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր բառ և լռություն իմաստ ունի, այստեղ ապրել է պետք, ներշնչվել ու խորապես զգալ ամեն մանրուք։
Թատերական գործի նվիրյալների ստեղծագործական մտքի, բացառիկ կարողությունների շնորհիվ բեմը շարունակում է հուզել և ոգեշնչել։
Առանձնահատուկ շնորհավորում եմ Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Գյումրու Ստ․ Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի և «Մտորումների» թատրոնի անձնակազմերին՝ գնահատելով նրանց կարևոր առաքելությունը, արժևորելով նրանց ջանքերն ու ներդրումը, քանզի նրանք են ստեղծում ու փոխանցում մարդակենտրոն արժեքներ։
Հարգելիներս, թող ձեր ստեղծագործական ուղին լինի հարուստ նոր գաղափարներով ու համարձակ որոնումներով, թող յուրաքանչյուր ներկայացում դառնա հոգևոր հանդիպում հանդիսատեսի հետ, իսկ ձեր աշխատանքը մշտապես արժանանա գնահատանքի և սիրո։
Մաղթում եմ անսպառ ներշնչում, ժպտառատ ու սիրով լի ընդունելություններ, բեղուն ստեղծագործական ընթացք, լի դահլիճներ և երկարատև ծափահարություններ։
Շնորհավոր Թատրոնի միջազգային օր։


