Նորություններ
Շիրակի մարզպետը հյուրընկալել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետին
31.03.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին՝ ակադեմիայի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզային զինվորական կոմիսար Մուշեղ Ասատրյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցականների շրջանում զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը և ռազմական ակադեմիա դիմելու շահագրգռվածության խթանմանը միտված հարցեր։ Կարևորվել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպատակ ունեն զարգացնելու զինվորական կրթության մակարդակը և բարձրացնելու ծառայության հեղինակությունը։
«Շիրակի մարզպետի աշխատակազմը կարևորում է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության հետևողական իրականացումը։ Այս համատեքստում առանձնակի նշանակություն ունի զինվորական կրթության նկատմամբ հետաքրքրության բարձրացումը և ռազմական ակադեմիա դիմելու պատրաստակամության խթանումը։ Վերջին տարիների ցուցանիշները վկայում են, որ այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները արդյունքներ են տալիս։ Մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը ոլորտի պատասխանատու կառույցների հետ՝ գործընթացի շարունակական զարգացումն ապահովելու նպատակով»։
Նշենք, որ վերջին երկու տարիների տվյալները ցույց են տալիս, որ Շիրակի մարզը ակադեմիա դիմողների թվով առաջատար դիրք է զբաղեցնում՝ ապահովելով ամենաբարձր ցուցանիշը մյուս մարզերի համեմատ։
Պայմանավորվածության համաձայն, ծրագրերի իրազեկման նպատակով կշարունակվեն դպրոցականներիի հետ իրազեկման հանդիպումները, որոնց շրջանակում կներկայացվեն ծրագրերը, նախատեսված արտոնություններն ու առավելությունները։
Հանդիպման վերջում Արսեն Մանգասարյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հանձնել է պատվոգիր՝ հայրենանվեր գործունեության ու համագործակցության համար։










