Նորություններ
Շիրակի մարզպետը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպություն (ՄՄԿ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին
01.04.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպություն (ՄՄԿ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ ծրագրերի համակարգողներ Արեգ Բադալյանին և Վահե Դարբինյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականից ՄՄԿ հայաստանյան գրասենյակի կողմից մեկնարկած «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները։ Ծրագիրն իրականացվել է Ախուրյան, Արթիկ և Ամասիա համայնքներում։
Ախուրյան և Ամասիա համայնքներին տրամադրվել են ագրոդրոններ, իսկ Արթիկ համայնքին՝ մի քանի միավոր այլ գյուղտեխնիկա։ Բացի այդ, կազմակերպությունը բիզնես բաղադրիչով մեկնարկել է միկրոդրամաշնորհների հայտերի ընդունում՝ նպատակ ունենալով աջակցել խոցելի իրավիճակում գտնվող անձանց՝ զարգացնելու իրենց տնտեսական գործունեությունը և բարձրացնելու տնտեսական դիմակայունությունը։
Մարզպետը կարևորել է ծրագրի իրականացումը՝ ընդգծելով դրա նշանակությունը համայնքների զարգացման տեսանկյունից։
«Այս ծրագիրը կարևոր նախաձեռնություն է, որը միտված է մեր խոցելի խմբերի հզորացմանը և նրանց տնտեսական դիմակայունության բարձրացմանը։ Համոզված եմ, որ նման ծրագրերը նպաստում են ոչ միայն անհատների, այլև ամբողջ համայնքների կայուն զարգացմանը»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Ներկայացվել է, որ մինչ օրս հաստատվել է 7 բիզնես հայտ, որոնցից 4-ի համար արդեն իրականացվել են առաջին և երկրորդ փուլերի վճարումները։ Ընդհանուր աջակցությունը կազմում է շուրջ 5 մլն դրամ։
Դրամաշնորհի համար կարող են դիմել Ախուրյան, Ամասիա և Արթիկ համայնքներում բնակվող և գործունեություն ծավալող անձինք, ովքեր պատրաստվում են սկսել կամ ընդլայնել իրենց բիզնես գործունեությունը։






