Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
07.04.2026
Սիրելի՛ մայրեր, կանայք և աղջիկներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Այս տոնը խորհրդանշում է մարդկային բարձրագույն արժեքներից երկուսը՝ մայրական նվիրումն ու կանացի գեղեցկությունը, որոնք կյանքի շարունակականության, հոգևոր ներդաշնակության և հասարակության ամրության հիմքն են։
Կնոջ կերպարում միահյուսվում են ամուր կամքն ու նրբությունը, իմաստությունն ու համբերությունը, իսկ մայրական սիրո մեջ՝ անսահման հավատն ու անձնազոհությունը։ Այս ներդաշնակ համադրությունն է, որ ձևավորում է առողջ, արժեհամակարգային և ապագային միտված հասարակություն։
Հոգատար հայացքում, համբերատար սպասման մեջ, ճիշտ պահին ասված խոսքում և երբեմն՝ լռության խորքում է կնոջ ուժը, որն անտեսանելի է, բայց անփոխարինելի։
Կանացի գեղեցկությունը սահմանափակված չէ արտաքինով, այն ապրում է մտքերի պարզության, արարքների ազնվության և մեծ սրտի մեջ։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր հերոսացած քաջորդիների մայրերին, նրանց կանանց, քույրերին և դուստրերին՝ մաղթելով ուժ, համբերություն և խաղաղություն։ Ձեր ապրած ցավի մեջ անգամ, դուք շարունակում եք արարել՝ դառնալով հույսի օրինակ բոլորիս համար։
Սիրելի՛ կանայք, թող ձեր ճանապարհը լինի արժևորված, ջանքերը՝ տեսանելի, նվիրումը՝ փոխադարձված։ Մաղթում եմ, որ կյանքը վերադարձնի այն ջերմությունն ու բարությունը, որ տալիս եք աշխարհին։
Շնորհավոր ապրիլի 7։


