Նորություններ
Աշխատավարձերի երկար սպասված բարձրացում՝ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում
07.04.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի առաջարկությամբ և հանձնարարությամբ կբարձրացվեն Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի աշխատակիցների աշխատավարձը։ Հատկանշական է, որ թանգարանի աշխատակիցների աշխատավարձերը վերջին տարիներին որևէ փոփոխության չէին ենթարկվել։
Դավիթ Առուշանյանը, անդրադառնալով ձեռնարկի կարևորությանը՝ նշել է․ «Թանգարանի անձնակազմը տարիներ շարունակ պահպանել ու ներկայացրել է Գյումրու պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ հաճախ աշխատելով սահմանափակ ռեսուրսներով և նվազ ֆինանսական միջոցներով։ Մեր գերխնդիրն է՝ քայլ-քայլ գնալ դրական փոփոխությունների ու բարեփոխումների ճանապարհով։ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը պարզապես ցուցասրահ չէ, այն քաղաքի հոգևոր դիմագիծն է։ Մեր նպատակն է, որ թանգարանի աշխատանքը միտված լինի Գյումրու տարբերվող լինելու գաղափարի ամրապնդմանը՝ ընդգծելով քաղաքի յուրահատուկ ճարտարապետությունն ու մշակույթը՝ դարձնելով այն զբոսաշրջային հիասքանչ ուղղություն»։
Շիրակի մարզպետը կարևորել է թանգարանի աշխատանքում պարբերաբար նորարարությունների ներմուծումը՝ առանցքում Գյումրին ու նրա պատմությունը առավելագույնս ներկայացնելը, որպեսզի յուրաքանչյուր այցելու զգա քաղաքի շունչը, նրա հին ու նոր պատմությունների համադրությունը։ Դավիթ Առուշանյանն ընդգծել է իրականացվող փոփոխությունների, ինտերակտիվ լուծումների, սպասարկման որակի բարելավման կարևորությունը զբոսաշրջային հոսքերի աճի տեսանկյունից։
Նշենք, որ վերջին տարիներին թանգարանի այցելուների թիվն ավելացել է։ 2026-ին ևս դինամիկան դրական է եղել, եթե 2025-ի առաջին եռամսյակում 1063 տոմս է վաճառվել, ապա 2026-ի առաջին եռամսյակում այս թիվը հասել է 1441-ի։






