Նորություններ
Կառավարությունը գյուղացիական տնտեսություններին կտրամադրի 0% տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր
10.04.2026
Ագրոպարենային ոլորտում աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու և գյուղատնտեսական ու վերամշակված արտադրանքի արտադրության ծավալներն ավելացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունը հաստատել է «Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը», որով նախատեսվում է 2026-2027 թվականներին գյուղացիական տնտեսություններին հատկացնել վարկեր 0% տոկոսադրույքով։
Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի առավելագույն գումարը կկազմի 2 մլն դրամ, վարկի մարման ժամկետը կլինի մինչև 3 տարի՝ վարկառուի ցանկությամբ։
Վարկի մայր գումարի և տոկոսագումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված պարտադիր սահմանվում է արտոնյալ ժամկետ 6 ամիս տևողությամբ (վարկի մայր գումարի և տոկոսագումարի առաջին վճարումը կիրականացվի 6 ամիս հետո)։
Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է, որ 2026 թվականին կտրամադրվի շուրջ 40 մլրդ դրամի վարկեր, որի սուբսիդավորման համար 2026 թվականին կպահանջվի շուրջ 2 մլրդ դրամ:


