Նորություններ
Տեղի է ունեցել Շիրակի մարզխորհրդի 2026-ի անդրանիկ ընդլայնված նիստը
14.04.2026
Արված աշխատանքներն ահռելի են, ներկայացված թվային ցուցանիշները՝ աննախադեպ՝ թե ծրագրային, թե գումարային համեմատությամբ․ Շիրակի մարզպետ։
2025 թվականի ամփոփիչ և 2026-ի առաջին եռամսյակի արված աշխատանքների հաշվետվությամբ՝ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզխորհրդի 2026-ի անդրանիկ ընդլայնված նիստը։
Նիստի օրակարգային առաջին հարցն առնչվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարմանը։ Մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի համաձայն, մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2025-ին կատարվել են 102,1 տոկոսով, նախատեսված 5 մլրդ 517 մլն դրամ սեփական եկամուտներից հավաքագրվել է 5 մլրդ 632 մլն դրամ դրամ։ Սեփական եկամուտների գերակատարումը կազմել է 115 մլն 178 հազար դրամ։ 2026թ. ապրիլի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 71,2 տոկոսով։ Ամասիա, Արթիկ, Անի համայնքներն առաջին եռամսյակում պահպանել են եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշները՝ 100 տոկոսից ավել հավաքագրումներ ապահովելով։ Գյումրի, Ախուրյան, Աշոցք համայնքները չեն ապահովել առաջին եռամսյակում արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը՝ 71.2 տոկոսը։
«Շատ կարևոր եմ համարում համայնքների սեփական եկամուտների արդյունավետ հավաքագրումը։ Սեփական եկամուտների ավելացումը հնարավորություն է տալիս համայնքներին ինքնուրույն լուծել իրենց առջև ծառացած խնդիրները և զարգացնել ենթակառուցվածքները», - նշել է մարզպետը՝ ամփոփելով զեկուցողի խոսքը և նշելով, որ համայնքներն հստակ պարտավորություն ունեն այս գործընթացում զգոնությունը չթուլացնելու և շարունակելու պատասխանատու և պարտաճանաչ աշխատանքը։
Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է մարզում իրականացվելիք կապիտալ շինարարության ծրագրերին։ Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանը նշել է, որ 2025-ին մարզում իրականացվել են 29 մլրդ 641 մլն 938 հազար դրամի քաղաքաշինական ծրագրեր, ինչը 42 տոկոսով գերազանցում է 2024-ի գումարները։ Մարզում ընթացել են 13 դպրոցների կառուցման, 29 դպրոցների վերանորոգման, 6 մանկապարտեզների կառուցման ու ևս 3 մանկապարտեզների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները։ 2025-ին իրականացվել են և շարունակվում են Արթիկի բժշկական կենտրոնի, Պեմզաշենի, Ախուրիկի, Հացիկի ամբուլատորիաների կառուցման աշխատանքները։ Ճանապարհաշինության ոլորտում ևս լուրջ միջոցներ են ներդրվել՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2025-ին իրականացվել է ճանապարհաշինական 11 ծրագիր, որից 8-ը՝ 39 կմ երկարությամբ 6 մլրդ 832 մլն 781 հազար դրամ ընդհանուր արժեքով հիմնանորոգում։
«Քաղաքաշինության ոլորտում կարևոր եմ համարում նշել, որ Արթիկ համայնքում կառուցվում է բժշկական կենտրոն, որը ծառայելու է նաև Անի համայնքի և հարակից բնակավայրերի բնակչությանը։ Նշանակալի է նաև Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգումը։ Աշխատանքներ են տարվում Անի և Ավստրիական թաղամասերի փողոցների հիմնանորոգման նախագծերի մշակման ուղղությամբ։ Անի թաղամասի ճանապարհների վիճակը մտահոգիչ է, և մենք անելու ենք հնարավորը խնդրի ժամանակավոր արագ լուծման համար, այնուհետև խնդրի վերջնական լուծման՝ հիմնանորոգման ծրագրի ամենասեղմ ժամկետներում մեկնարկելու նպատակով», - ընդգծել է Դավիթ Առուշանյանը՝ վստահեցնելով, որ բոլոր աշխատանքների վերահսկողությունն իրականացվելու է ամենայն պատասխանատվությամբ ու խստությամբ։
☑2026-ի առաջին եռամսյակում քաղաքաշինական ծրագրերի ծավալը ոչ միայն չի նվազել, այլև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճման միտում է ցուցաբերել։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում շարունակվում են 10 դպրոցների և 4 մանկապարտեզների կառուցման շինաշխատանքները՝ ընդհանուր 24 մլրդ 756 մլն 446 հազար դրամ արժեքով։ Շարունակվում են մի շարք դպրոցների նորոգման ու հիմնանորոգման աշխատանքները։ Մարզում ընթանում են ընդհանուր՝ 17,7 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում՝ շուրջ 2,5 մլրդ դրամ գումարի շրջանակներում։
Մարզխորհրդի նիստի հաջորդ հարցն առնչվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին։
Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանի զեկույցի համաձայն՝ նախորդ տարի իրականացվել է 36 ծրագիր՝ 124 ենթածրագրերով, ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 281 մլն դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 2 մլրդ 390 մլն դրամ, այսինքն՝ գումարի 55.8 տոկոսը։ 2026 տեղափոխվել է 29 ծրագիր՝ 117 ենթածրագրերով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 10 մլրդ 198 մլն դրամ։ 2026 տեղափոխվել և ներկայացվել է 43 ծրագիր՝ 208 ենթածրագրերով, ընդհանուր արժեքը՝ 18 մլն 677 հազար դրամ։
Շիրակի մարզպետը նշել է, որ Կառավարություն-համայնք համագործակցությունն համարում է իրապես ստացված, և դրա վառ ապացույցը, Դավիթ Առուշանյանը համարել է մարզի համայնքներում իրականացված ու իրականացվող սուբվենցիոն ծրագրերը․ «Սուբվենցիոն ծրագրերից օգտվել են մարզի բոլոր բնակավայրերը։ Կառավարության և համայնքների համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվել են աննախադեպ ծավալի ծրագրեր, դրանց ընթացքն ու արդյունքն ակնառու է, և մեր բնակիչները հստակ տեսնում են՝ ինչ աշխատանքներ են կատարվում, ինչ խնդիրներ են քայլ-քայլ լուծվում»։
Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի և առաջիկա ծրագրերի մասին զեկույցով հանդես է եկել գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը՝ նշելով, որ աշնանացան հացահատիկի ցանքատարածություններն ավելացել են 8300 հա-ով, հացահատիկային և հատիկընդեղենային մշակաբույսերի համախառն բերքն էլ ավելացել է 227, 5 հազար ց-ով։ Կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգի համաձայն, մարզի 1546 շահառուի 4703.92 հա-ի դիմաց տրամադրվել է 264 մլն 437 հազար դրամ փոխհատուցում, իսկ «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի» ծրագրի շրջանակներում մարզի համայնքներում 3021 շահառուի հետ կնքվել է 13026.5 հա աշնանացան ցորենի ցանքատարածության պայմանագիր։




















