Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կմեկնարկեն «Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի» շենքի հիմնանորոգման աշխատանքները

16.04.2026

 Շուտով կմեկնարկեն «Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի» շենքի հիմնանորոգման աշխատանքները, կազմակերպվում է պոլիկլինիկայի մասնաշենքում տեղակայված բժշկական հաստատությունների ժամանակավոր տեղափոխման հարցը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի, նախարարության ու մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ եղել է Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի մասնաշենքում, որի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկելու են առաջիկայում։
Շուրջ 24 հազար բնակչի սպասարկող թիվ 2 պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1930-ականներին և ընդգրկվել է առողջապահական հաստատությունների արդիականացման ծրագրում։ Վերակառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 450 մլն դրամ։ Կապալառու կազմակերպության մրցույթն անցկացվել է, շինարարը հայտնի է։
Պատասխանատուները այցի ընթացքում քննարկել են թիվ 2 պոլիկլինիկան, Շտապօգնության Գյումրու կայանն ու Արյան բանկը այլ մասնաշենքեր տեղափոխելուն առնչվող հարցեր։ Խնդրի լուծման նպատակով այժմ վերանորոգվում է նախկին Սամարիթեր հիվանդանոցի մասնաշենքը։
Պատասխանատուները շրջել են թե՛ պոլիկլինիկայում, թե՛ նախկին Սամարիթեր հիվանդանոցում՝ քննարկելով տեղափոխմանն առնչվող յուրաքանչյուր հարց։
«Թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգումն ինձ համար առաջնային կարևորության ծրագրերից է, արդյունքում մենք կունենանք բացառիկ հնարավորություններով ու հագեցվածությամբ բժշկական հաստատություն։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի վերակառուցման ընթացքում պոլիկլինիկայի մասնաշենքում տեղակայված երեք բժշկական հաստատությունների գործունեությունը կազմակերպվի անխոչընդոտ»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Շիրակի մարզպետի աշխատակազմում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում մանրամասն քննարկվել են տեղափոխման գործընթացին առնչվող կազմակերպչական, տեխնիկական և ժամանակացուցային հարցերը՝ նպատակ ունենալով ապահովել բժշկական ծառայությունների անընդհատությունն ու բնակչության համար հասանելիության պահպանումը նաև վերակառուցման ընթացքում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-16 14:45:14