Նորություններ
Կապսում շահագործման է հանձնվել նորացված ջրամատակարարման համակարգ
16.04.2026
Ախուրյան համայնքի Կապս բնակավայրում պաշտոնապես շահագործման է հանձնվել բարելավված ջրամատակարարման համակարգը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, ինչպես նաև KfW-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները։ Վերականգնված համակարգը պաշտոնապես հանձնվել է համայնքին և ապագա օպերատոր Veolia Armenia-ին։
Ծրագիրն իրականացվել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ։ Բանկի աջակցությամբ Շիրակի մարզի մի շարք համայնքներում իրականացվել են ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրեր։
«Սա կարևոր քայլ է մեր համայնքների զարգացման ճանապարհին։ Մեր երկրի 2026-2031 թթ. զարգացման ծրագրերում ջրամատակարարման ոլորտը առաջնային տեղ ունի, և պետությունը մեծապես կարևորում է նման խնդիրների արդյունավետ լուծումը։ Միաժամանակ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ծրագրի իրականացմանը մասնակցած բոլոր կառույցներին և գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և ներդրած ջանքերի համար»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Շուրջ 750 բնակիչ ունեցող Կապս գյուղում 240 հազար եվրոյի ներդրմամբ իրականացվել են ջրամատակարարման ցանցի կառուցման և վերականգնման աշխատանքներ՝ ապահովելով անվտանգ և հուսալի ջրամատակարարում։ Բնակավայրում անցկացվել է 6.5 կմ երկարությամբ ջրագիծ, ինչի արդյունքում ապահովվել է բոլոր տնտեսությունների շուրջօրյա ջրամատակարարումը։














