Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմում քննարկվել են գործարարների և ֆերմերների խնդիրները
17.04.2026
Շիրակի մարզպետի աշխատակազմում քննարկվել են գործարարների և ֆերմերների խնդիրները․ ներկայացվել են տնտեսության զարգացմանն ուղղված պետական ծրագրերը, լսվել են բնակիչների խնդիրներն ու առաջարկները։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր մարզպետի աշխատակազմում հանդիպել են մարզի բնակիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, Շիրակի մարզի համայնքների ղեկավարներ։
«Այսօր քննարկվելու են այն բոլոր հարցերը, որոնք կուտակված են թե գործարարների, թե ֆերմերների մոտ։ Կառավարության աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում մեր մարզում, և դրանք արդեն իսկ ունեն շոշափելի արդյունքներ։ Էկոնոմիկայի նախարարությունից խնդրել էինք մեզ տեղեկատվություն տրամադրել, թե 2018-2026 թթ. աջակցության ինչ ծրագրեր են իրականացվել, և պետք է նշեմ, որ տվյալներին ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ աջակցության գումարը ահռելի է՝ շուրջ 4․5 մլրդ դրամ։ Սա ներառում է բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվել են պետական աջակցությամբ ու համաֆինանսավորմամբ։ Մեր Կառավարությունը գործարարների համար ստեղծում է այնպիսի պայմաններ, որ նրանք կարողանան ընդլայնել իրենց գործունեությունը, ավելացնել արտադրության ծավալները, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել տնտեսական ակտիվության բարձրացմանը։ Այդ գործընթացում կարևոր ենք համարում նաև նման հանդիպումները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս անմիջականորեն լսել բնակիչների խնդիրներն ու առաջարկները»,- նշել է Շիրակի մարզպետը՝ ընդգծելով նմանօրինակ հանդիպումների կարևորությունը։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել պետական աջակցության գործիքակազմին, որն ուղղված է ընկերությունների արտադրական կարողությունների ընդլայնմանը, նոր ներդրումների ներգրավմանը, գյուղատնտեսության, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը։
Ըստ Գևորգ Պապոյանի՝ Կառավարությունը պետական աջակցության 22 ծրագիր է իրականացնում, որոնցից 12-ը գյուղաջակցության ծրագրեր են։
Նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները, տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ բարձրացված խնդիրների վերաբերյալ։ Քննարկման շրջանակում հնչեցված առաջարկներն ու դիտարկումները արձանագրվել են՝ հետագա ուսումնասիրության, վերլուծության և հնարավոր լուծումների մշակման նպատակով։
Հանդիպմանը ներկա է եղել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։






















