Նորություններ
Վարչապետի հովանու ներքո անցկացվող դպրոցականների բասկետբոլի մրցումների եզրափակիչ փուլին մասնակցել են Գյումրու 15 և Արթիկի 2-րդ դպրոցների թիմերը
18.04.2026
Ապրիլի 14-18-ը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնում ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումներին Շիրակի մարզը ներկայացրել են Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի 5-6-րդ և Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների թիմերը:
Մինչ եզրափակիչ հասնելը գյումրեցի աշակերտները հաղթանակներ են տոնել Արմավիրի և Սյունիքի մարզերը ներկայացնող թիմերի նկատմամբ ու ոսկե մեդալների համար պայքարում մրցել են Երևանի թիվ 10 հիմնական դպրոցի թիմի հետ։
Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի թիմն էլ հաղթանակներ է գրանցել Կոտայքի, Արագածոտնի և Արարատի մարզերի թիմերի հետ հանդիպումներում ու եզրափակչում մրցել Երևանի թիվ 51 հիմնական դպրոցի թիմի հետ:
5-6-րդ դասարանների մրցապայքարում Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի թիմը գրավել է 2֊րդ տեղը։
7֊9֊րդ դասարանների պայքարում Արթիկի թիվ 2 դպրոցը ևս զբաղեցրել է 2֊րդ պատվավոր հորիզոնականը։
Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:
Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4 մլն դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 և 3-րդ տեղը՝ 1,5 մլն դրամով:
Պարգևատրվել են նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700 հազար դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար դրամ և 3-րդ տեղ 300 հազար դրամ: Մարզական խաղերում հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150 հազարական, 2-րդ տեղ՝ 100 հազարական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ:




























