Նորություններ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզի մի շարք կրթական հաստատություններ
23.04.2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին այցելել է Շիրակի մարզի մի շարք կրթական հաստատություններ՝ ծանոթանալու իրականացված ծրագրերին: Նրան ուղեկցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:
Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Արթիկ համայնքի 9 հա ելակի և 14 հա հատապտղի ջերմատանը։ Այն ևս մասնավորի կողմից հիմնվել է Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում: Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 20 մլն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 2 սարքավորում՝ ինքնագնաց ավտոմատ սրսկիչ, ինքնագնաց ջերմոցային պլատֆորմ բույսերի ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով բույսերի պաշտպանության համար։ Կառավարության կողմից սուբսիդավորված գումարի չափը կազմել է 600 հազար դրամ: Ներդրումային ծրագրի շրջանակում ջերմատան կառուցման նպատակով կիրառվել է ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը։ Ծրագրի վարկային բաղադրիչով ներգրավվել է 25 մլն դրամ վարկային միջոց։ Սուբսիդավորված գումարի չափը կազմել է շուրջ 16 մլն 742 հազար դրամ։
Հաջորդիվ երկրի ղեկավարն այցելել է Ախուրյան բնակավայրի Երիտասարդական կենտրոն, որտեղ դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 26 մլն դրամ: Պետական բյուջեից հատկացվել է արժեքի 65,2 %՝ 16 մլն 947 հազար դրամ: Կենտրոնն ընդգրկված է եղել ՀՀ Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով մինչև 2026թ. ավարտը նախատեսված 25 երիտասարդական կենտրոնների ցանկում: Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել է համայնքի կողմից հատկացված շինության 230 քմ մակերեսով տարածք, կահավորվել՝ գույքով և տեխնիկայով: Տարեկան կտրվածքով կենտրոնի ծառայություններից օգտվել են առնվազն 246 երիտասարդ՝ դրամաշնորհային հայտով պարտավորված ծրագրային ուղղություններով։ 2026թ. հունվարի 1-ից սկսած ապրիլի 15-ի դրությամբ գրանցվել են 2284 այցելուներ:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գյումրի համայնքի թիվ 41 հիմնական դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 543 մլն 672 հազար դրամ: ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում Գյումրի համայնքն ունի վերանորոգված դպրոց՝ նախատեսված 710 աշակերտի համար։
Վարչապետի վերջին կանգառը եղել է Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի նորակառույց կրթահամալիրում: Նիկոլ Փաշինյանը շրջել է կրթահամալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 557 մլն 482 հազար դրամ։ Կրթահամալիրը նախատեսված է 140 աշակերտի, իսկ նախակրթարանը՝ 40 երեխայի համար։
Կրթահամալիրում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին բացման առիթով: Երկրի ղեկավարը նշել է, որ այս դպրոցն այսօրինակ երկրորդ կրթահամալիրն է, որ բացվում է հանրապետությունում, որը նախատեսված է ավելի քան մեկ բնակավայրի աշակերտների համար, կոնկրետ այս դեպքում՝ Քեթի, Փոքրաշեն և Հովունի բնակավայրերի աշակերտների համար: Այս համատեքստում, վարչապետն անդրադարձել է այն քննարկումներին, որ նման դպրոցների բացումը նպաստում է գյուղերի դատարկմանը: Հակադարձելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հենց գյուղերի դատարկման խնդիրը լուծելուն է ուղղված նման կրթահամալիրների բացումը, քանի որ դրանք ապահովում են երեխաների՝ պատշաճ ֆիզիկական միջավայրում ժամանակակից կրթություն ստանալու հնարավորություն. «Կարևոր է, որ դպրոցում լինի պատշաճ միջավայր, նորմալ ճաշարան, նորմալ բեմ, դպրոցում պետք է լինեն լաբորատորիաներ, լաբորատոր սարքեր: Կրթության համար ամենակարևորը կրթական միջավայրն է: Սա մեր մոտեցումն է»:








































