Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմը շաբաթօրյակին միացել է ամբողջ կազմով
26.04.2026
«Շաբաթօրյակները մեզ հիշեցնում են, որ միասնական ջանքերով կարող ենք հասնել տեսանելի արդյունքների շրջակա միջավայրի մաքրության աահովման հարցում, սակայն իրական փոփոխությունը սկսվում է յուրաքանչյուր օրվա փոքր քայլերից»,- Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան։
Շիրակի մարզպետի աշխատակազմը շաբաթօրյակին միացել է ամբողջ կազմով։ Մարզպետի աշխատակազմը, խմբեր կազմելով, մաքրման աշխատանքներ է իրականացրել Իսահակյան փողոցում և հարակից պուրակում։
Մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը, պետական ու մասնավոր ընկերությունները, հասարակական կազմակերպություններն ու անհատ քաղաքացիները, մի քանի հարյուրից ավելի մաքրվող տեղամասեր ու աշխատանքներին միացած կոլեկտիվներ, 10 հազարից ավելի մասնակիցներ, շուրջ 140 միավոր տեխնիկա, տասնյակ հազարից ավելի բազմապիսի գործիքներ՝ Շիրակի մարզը շաբաթօրյակին միացել է ամենայն պատասխանատվությամբ:
«Շաբաթօրյակները պարզապես մեկօրյա նախաձեռնություն չեն ու չպետք է լինեն, դրանք մեր վերաբերմունքի արտահայտությունն են սեփական համայնքի, քաղաքի և ամբողջ երկրի նկատմամբ։ Մաքուր շրջակա միջավայրը առողջ կյանքի հիմքն է, և յուրաքանչյուրիս մասնակցությունը այս գործին ունի կարևոր նշանակություն։ Մենք պետք է գիտակցենք, որ մեր բնակավայրերի մաքրությունը կախված է ոչ միայն կազմակերպված աշխատանքներից, այլև ամենօրյա վարքագծից։ Եթե յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվությամբ մոտենա շրջակա միջավայրի պահպանմանը, չաղտոտի իր շրջապատը և հոգ տանի հանրային տարածքների մասին, ապա մեր մարզն ու երկիրը մշտապես կլինեն մաքուր և բարեկարգ»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։






























