Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը

27.04.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելել է մարզի մի շարք բուժհաստատություններ։
Պատասխանատուների առաջին կանգառը Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրում է եղել, որտեղ ՀՀ կառավարության միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ընթանում են նոր ամբուլատորիայի կառուցման աշխատանքները։ Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 142.5 մլն դրամ։ Նորակառույց ամբուլատորիան ապահովելու է բնակիչների համար հասանելի և ժամանակակից առաջնային բուժօգնություն։ Երկհարկանի կառույցում գործելու է առողջության առաջնային պահպանման օղակը՝ հագեցած անհրաժեշտ գույքով և բժշկական տեխնիկայով։
Մարզպետը և նախարարը շինարարի հետ զրույցում կարևորել են աշխատանքների որակով և սահմանված ժամկետներում իրականացումը։
Շուրջ 24 հազար բնակչի սպասարկող թիվ 2 պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1930-ականներին և ընդգրկվել է առողջապահական հաստատությունների արդիականացման ծրագրում։ Վերակառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 միլիարդ 450 միլիոն դրամ։ Մարզպետը և նախարարը հետաքրքրվել են նոր շենքում աշխատանքների կազմակերպման ընթացքով՝ ընդգծելով արդյունավետ և անխափան գործարկման կարևորությունը։ Նրանք հորդորել են գործադրել առավելագույն ջանքեր, որպեսզի բուժսպասարկումը կազմակերպվի լիարժեք, պատշաճ մակարդակով և հասանելի լինի բոլոր քաղաքացիների համար։
Հաջորդ կանգառը եղել է նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում, որտեղ ժամանակավորապես տեղափոխվելու են «Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկան», Շտապօգնության Գյումրու կայանը՝ մինչև պոլիկլինիկայի հիմնանորոգման ավարտը։
Այցի շրջանակում մարզպետը և նախարարը եղել են նաև «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայում», շրջել հաստատությունում, հետևել աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ։
Նրանք նաև հետաքրքրվել են համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ընթացքով՝ վերջին չորս ամիսների ընթացքում գրանցված դիմելիության ցուցանիշներով, ուղեգրումների կարգով, ինչպես նաև «Արմեդ» համակարգի աշխատանքով։ Պատասխանատուները լսել են նաև այն խնդիրները, որոնց բախվել են ինչպես բուժաշխատողները, այնպես էլ քաղաքացիները։
Դավիթ Առուշանյանն ու Անահիտ Ավանեսյանն այցելել են նաև «Գյումրի բժշկական կենտրոն», հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ նրանք շրջել են բուժհաստատությունում, զրուցել բուժանձնակազմի ու բուժառուների հետ, դիտակվել է նաև Գյումրու բժշկական կենտրոնի ծննդատան աշխատանքների ընթացքը։
Նշենք, որ ծննդատան շինարարությունն իրականացվել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով, շենքը եռահարկ է, ունի նկուղային հարկ։ Հիմնադրամի կողմից պայմանագրով նախատեսած աշխատանքների ավարտից հետո, շարունակությունն իրականացվում է պետական միջոցներով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-28 13:10:16