Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանըներկա է գտնվել «Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցում» կազմակերպված միջոցառմանը
06.05.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ներկա է գտնվել «Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցում» կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում պարգևատրվել են Վարչապետի հովանու ներքո անցկացված «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլում բարձր արդյունքներ գրանցած դպրոցի աշակերտները։
Դավիթ Առուշանյանը շնորհավորել է աշակերտներին լավ անդյունքներ գրանցելու առթիվ, բարձր գնահատել կամքը, թիմային աշխատանքը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի ուսուցչի հետևողականությունն ու նվիրվածությունը․ «Սրտանց շնորհավորում եմ բասկետբոլի առաջնությունում հաղթանակ տարած մեր աշակերտներին։ Ձեր նվաճումը մեծ հպարտություն է ոչ միայն ձեր ուսուցիչների և ծնողների, այլև ձեր կողքին կանգնած մյուս աշակերտների համար։ Դուք ապացուցեցիք, որ միասնականությունը, աշխատասիրությունն ու նպատակասլացությունը բերում են արժանի հաղթանակի։ Վստահ եմ, որ այս հաջողությունը կոգեշնչի մյուսներին ևս ձգտել ավելի մեծ բարձունքների։ Լավ սովորելով, աշխատասիրությամբ և նվիրվածությամբ միայն հնարավոր է ունենալ լավ ապագա։ Վաղվա Հայաստանի, Շիրակի մարզի և Գյումրու տերերը դուք եք։ Այն ամենը, ինչ մեր սերունդը չի ունեցել, դուք պետք է ունենաք՝ ձեր գիտելիքով, ուժով և համառությամբ։ Պահանջեք առավելագույնը մեզանից, որովհետև մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի դուք ունենաք ավելի լավ հնարավորություններ, ավելի լավ կրթություն և ավելի ամուր ապագա»,- ընդգծել է մարզպետը։
2026 թվականի ապրիլի 14-18-ը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնում ՀՀ Վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացված մրցումներում Շիրակի մարզը ներկայացնող դպրոցի 5-6-րդ դասարանցիներից կազմված թիմը զբաղեցրել էր մրցանակային 2-րդ տեղը։
Մարզպետը թիմին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված գավաթը, մեդալներն ու դրամական պարգևները։
Դպրոցին տրամադրվել է 2 մլն 500 հազար դրամ, ֆիզկուլտուրայի ուսուցչին՝ 500 հազար դրամ, իսկ աշակերտներից յուրաքանչյուրին՝ 100 հազար դրամ գումար։


















