Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
15.05.2026
Սիրելի՛ շիրակցիներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։ Ընտանիքը պարզապես միասին ապրելու ձև չէ, այն տաքուկ անկյունն է, որտեղ մարդն ամեն օր վերադառնում է՝ անկախ ճանապարհից, հոգնածությունից ու աշխարհի արագությունից։ Տունը միայն պատեր ու հասցե չէ, այն մարդիկ են, ովքեր սպասում են քեզ, կողքիդ են թե՛ հաջողության, թե՛ դժվարության պահին։ Եվ հենց այդ կապն է, որ նույնիսկ ամենասովորական օրը դարձնում է արժեքավոր ու հիշարժան։
Շիրակը միշտ ամուր է եղել իր ընտանիքների միասնականությամբ, ավանդույթներին հավատարիմ ոգով և մարդկային ջերմ հարաբերություններով։
Այսօր Կառավարությունն իրականացնում է նպատակային և շարունակական ծրագրեր՝ ուղղված նորաստեղծ, բազմազավակ և սոցիալապես խոցելի ընտանիքների աջակցությանը։
Չնայած առկա սոցիալական որոշ խնդիրներին՝ հետևողական քայլերով գնում ենք դեպի ընտանիքների սոցիալական կայունության ամրապնդում, բնակարանային պայմանների բարելավում և զբաղվածության հնարավորությունների ընդլայնում։
Թո՛ղ յուրաքանչյուր ընտանիք պահի իր ջերմությունը, իր փոքր, բայց շատ արժեքավոր ավանդույթները, ամուր հենարան դառնա՝ լի սիրով, համերաշխությամբ ու փոխադարձ հոգատարությամբ, որտեղ յուրաքանչյուր օր սկսվում է հույսով և ավարտվում երախտագիտությամբ։
Շնորհավոր Ընտանիքի միջազգային օրը։


