Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանին

15.06.2026

 Շիրակի մարզպետի աշխատակազմը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ աշխատում է գյուղատնտեսության աջակցության նոր նախագծի վրա․ առաջնայնությունը անասնապահության զարգացումն է Աշոցք ու Ամասիա համայնքներում։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանին և նախարարության պատասխանատուներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի ընթացքին, դրանցում մարզի գյուղացիական տնտեսությունների ընդգրկվածության ավելացմանն ու առաջիկա անելիքներին առնչվող հարցեր։
Դավիթ Առուշանյանն ընդգծել է, որ Շիրակի հյուսիսային հատվածի, մասնավորապես՝ Աշոցք և Ամասիա համայնքների զարգացման ռազմավարական կարևորագույն ուղղությունը պետք է լինի անասնապահությունը։
«Ինձ համար շատ կարևոր է, որ Շիրակի հյուսիսը դառնա անասնապահական կենտրոն, Էկոնոմիկայի նախարարի հետ մենք քննարկել ենք այս հարցն ու պայմանավորվածություն ձեռք բերել, որ կմշակենք գործնականում կիրառելի մի ծրագիր, որը կդառնա նոր ձեռքբերումների սկիզբ։ Մենք պետք է դիտարկենք անասնապահությունը եկամտաբեր դարձնելու հանգամանքը, սա հնարավոր կլինի, եթե պետական աջակցության բոլոր ծրագրերը շաղկապվեն, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ ընթացք ապահովել, ունենալ գործնական, կենսունակ և երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագիր»,- նշել է Շիրակի մարզպետը։
Տաթևիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ այցելության նպատակն առաջիկա անելիքները համատեղ քննարկելը, բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները լսելն է։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը վստահեցրել է, որ նախատեսում են նոր անասնագոմերի կառուցում, արոտավայրերի ջրարբիացման համակարգերի զարգացում, անասնապահների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, ինչպես նաև տոհմային տնտեսությունների և տոհմակայանների հիմնում։
Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ պետական օժանդակության ծրագրերի հստակեցումը համատեղ իրականացնելու, շահառուների հետ քննարկման արդյունքում լավարկելու նախագծերն ու անելու հնարավորը Շիրակի մարզում անասնապահության զարգացման համար։
Այնուհետև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի հետ հանդիպել են համայնքների վարչական պատասխանատուների, գյուղատնտեսության բնագավառի ներկայացուցիչների հետ, քննարկել անելիքներն ու ներկայացրել նոր մշակվող նախագծի մանրամասները, մասնագետները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-16 12:00:35