Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդայլայնին

06.07.2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանին։
Դավիթ Առուշանյանը բարձր է գնահատել Նազիկ Ավդալյանի բացառիկ ավանդը միջազգային մարզական հարթակներում Հայաստանը պատվով ներկայացնելու և հայրենիքում սպորտի զարգացման գործում։
«Ուրախ եմ մեր հանդիպման համար, ուրախ եմ խոսել մի ուժեղ մարզուհու հետ, ում մարզական ուղին ոգեշնչման աղբյուր է հազարավոր մարդկանց, հատկապես՝ երիտասարդների համար։ Քո յուրաքանչյուր հաղթանակ մենք ապրել ու տոնել ենք որպես մեր սեփական հաղթանակ, որովհետև քո նվաճումների հետևում տեսել ենք աշխատասիրություն, նվիրում, կամք և հայրենասիրություն։ Դու քո հաղթանակներով բազմիցս բարձր ես պահել Հայաստանի դրոշը միջազգային ամենահեղինակավոր մրցահարթակներում և արժանապատվորեն ներկայացրել մեր երկիրը։ Առանձնակի ուրախությամբ եմ տեսնում, որ այսօր քո գործունեությունը նոր շարունակություն է ստացել։ Քո ստեղծած հիմնադրամը կարևոր և հեռանկարային նախաձեռնություն է, որի նպատակն է մարզերում հիմնել մարզադպրոցներ, բացահայտել ու աջակցել տաղանդավոր երեխաներին և նպաստել պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։ Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը կբացի նոր հնարավորություններ մարզերի երեխաների համար։ Վստահ եղիր, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել նման կարևոր նախաձեռնություններին»,– նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Մարզուհին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ու անմիջական ընդունելության համար՝ նշելով, որ հիմնադրամի գործունեության առանցքում մարզային ենթակառուցվածքների և սպորտային կրթության արդիականացումն է։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերին, Շիրակի մարզի Փանիկ համայնքում մեկնարկած NAV մարզական կենտրոնի նախագծին, որը մոդելային օրինակ է, թե ինչպես կարելի է պրոֆեսիոնալ մոտեցմամբ փոխել սպորտային միջավայրը, ինչպես նաև առաջիկա անելիքներին։  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-13 15:37:38