Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

07.07.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Գյումրի համայնքում ՀՀ Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը:
Մասնավորապես՝ ներկայացվել են Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից և ունեն Կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը:
Մինչ խնդիրների և առաջարկվող լուծումների ներկայացումը, վարչապետն իր խոսքում նշել է. «Իհարկե, 2026 թվականի նախընտրական քարոզարշավից առաջ էլ այդ թեմայով խոսել ենք, բայց նախընտրական քարոզարշավի շրջանակում շրջայցերի ընթացքն ավելի ակնհայտ դարձրեց, որ Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումներն ավելի հասցեական դարձնելու և որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն ունենք: Սա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ թե՛ Երևանի, թե՛ Գյումրիի կառավարման գործընթացների առանձնահատկությունների բերումով 2018 թվականից ի վեր, այնուամենայնիվ, որոշակի ժամանակ է կորսվել, և այդ կորսված ժամանակը լրացնելու համար որոշակի ակտիվություն է ակնկալվում Կառավարության կողմից»:
Երկրի ղեկավարը հավելել է, որ այս համատեքստում հանձնարարական է տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Շիրակի մարզպետարանի հետ համատեղ աշխատանքներ իրականացնել, որպեսզի ավելի կոնկրետ պատկերացում լինի, թե ինչ ծրագրեր պետք է կյանքի կոչվեն Գյումրիում նշված խնդիրն ավելի արդյունավետ ձևով լուծելու համար:
Շիրակի մարզպետն անդրադարձել է Գյումրի քաղաքի հիմնահարցերին, ներկայացվել է նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը:
Զբոսաշրջային կլաստերի ստեղծման շրջանակում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով Գյումրիում իրականացվել է շուրջ 6․6 մլրդ դրամի ներդրում: «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրով» նախատեսվում է իրականացնել ևս 16․5 մլն դոլարի ներդրում՝ զբոսաշրջային կլաստերի զարգացման ուղղությամբ։ Այս մասով առաջարկվում է ծրագրում ներառել Հաղթանակի զբոսայգու, կենտրոնական շուկայի և Մանուշյան փողոցում գտնվող շատրվանի հիմնանորոգման ծրագրերը, որոնք կնպաստեն քաղաքի համաչափ զարգացմանը։
Հաջորդ խնդիրը վերաբերել է տնակների հարցի վերջնական լուծմանը: Ներկայացվել է, որ 01.07.2026թ. դրությամբ Գյումրիում առկա է 2465 տնակ: Նշվել է, որ նախնական գնահատականներով՝ դրանցում բնակվող մոտ 596 ընտանիքի նկատմամբ Կառավարությունն ունի այս կամ այն ձևով փոխհատուցման պարտավորություն: Այս մասով կարևորվել է նաև փոխհատուցման տրամադրման և տնակների փաստացի ապամոնտաժման փոխկապակցված գործուն մեխանիզմների ներդրումը, որպեսզի տնակների խնդիրը վերջնական լուծում ստանա:
Ինչ վերաբերում է Անի և Ավստրիական թաղամասների 37 փողոցների ամբողջական հիմնանորոգման հարցին, նշվել է, որ ներկայումս ընթանում են նախագծման աշխատանքներ։ Առաջարկվում է զուգահեռ բարեկարգել նաև բակային հատվածները, կառուցել խաղահրապարակներ, մինի ֆուտբոլի դաշտեր և անցկացնել լուսավորության ցանց։
ՏԿԵՆ-ի կողմից իրականացվող 500 կմ ճանապարհաշինական ծրագրերի ցանկում ներառված է նաև Գյումրիում տարեկան 25 կմ ճանապարհաշինական աշխատանքները: Ըստ այդմ՝ Գյումրի քաղաքի 180 կմ ճանապարհներից մոտ 70 կմ նախկինում հիմնանորոգվել են, իսկ մնացած մոտ 110 կմ խիստ անբարեկարգ վիճակում են։ Նշվել է, որ Գյումրիում տարեկան 25 կմ ճանապարհաշինությանն ուղղված պլանավորման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Դավիթ Առուշանյանն անդրադարձել է Գյումրիում վթարային շենքերի խնդրին, նշվել է, որ առկա են մի քանի վթարային շենքեր, որոնց մասով տարբերակված մոտեցումների անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով դրանցից որոշների պատմամշակութային նշանակությունը: Ներկայացվել է նաև Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի նորոգման հարցը, նշվել է, որ 25 կմ ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջարկվում է նաև դիտարկել քաղաքի 2 բանուկ մասերն իրար կապող միակ խիտ երթևեկությամբ կամուրջը, որը կարևոր նշանակություն ունի քաղաքի համար։
Անդրադարձ է կատարվել նաև Գյումրու ավտոկայանի կառուցման խնդրին։
Քննարկման շրջանակում ներկայացվել են որոշ դիտարկումներ՝ Գյումրիում առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ:
Անդրադառնալով բարձրացված հարցերին և առաջարկվող լուծումներին՝ վարչապետն ընդգծել է, որ ներկայացված բոլոր ծրագրերն էլ ըստ ընթացակարգերի պետք է իրականացվեն, սակայն անհրաժեշտ է նախ հրատապ կերպով կենտրոնանալ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վրա:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-08 17:37:00