Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների մասնակցությամբ
15.07.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ այսօր աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են բուժհաստատությունների գործունեության առաջին կիսամյակի հաշվետվությունները՝ կատարված աշխատանքները, ֆինանսական ցուցանիշները, լիցենզավորման գործընթացը, կապիտալ ծրագրերը, առկա խնդիրներն ու զարգացման առաջնահերթությունները։
«Առողջապահությանը վերաբերող հիմնախնդիրները մշտապես լինելու են իմ ուշադրության կենտրոնում, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Կարևոր է, որ յուրաքանչյուր բուժհաստատություն գործի արդյունավետ և պատասխանատու։ Մարզպետի աշխատակազմը, իր իրավասությունների շրջանակում, շարունակելու է լինել բուժհաստատությունների կողքին՝ աջակցելով ոլորտում առկա խնդիրների լուծմանը, միաժամանակ ակնկալում եմ կարգապահություն, նախաձեռնողականություն և բարձր պատասխանատվություն բոլոր մակարդակներում։ Միայն համատեղ և նպատակային աշխատանքի շնորհիվ կարող ենք բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը և ապահովել մարզի բնակչության համար առավել հասանելի և արդյունավետ բուժօգնություն»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բուժհաստատությունների մասնագետներով ապահովվածությանը և հաստիքացուցակներին։ Մարզպետը կարևոր է համարել միջին և կրտսեր բուժանձնակազմի, ինչպես նաև վարչական աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը։
Շիրակի մարզպետը հանձնարարել է վերանայել յուրաքանչյուր բուժհաստատության ֆինանսական կարողությունները և, հնարավորության դեպքում, դիտարկել նաև այն աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը, որոնք նախորդ բարձրացման փուլում դուրս էին մնացել գործընթացից։
Նշենք, որ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող բժշկական հաստատությունների ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 452 մլն 830 հազար դրամ, որից 1 մլրդ 41 մլն 564 հազար դրամը՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց, իսկ 411 մլն 265 հազար դրամը՝ չապահովագրված անձանց մատուցված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց:








