Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը

11.08.2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը։
 Օրակարգային առաջին հարցով քննարկվել են մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2026 թվականի 7 ամիսների կատարման ցուցանիշները։ Ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զերկույցի համաձայն, օգոստոսի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 82 տոկոսով, սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գյումրի համայնքում` 67,4 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 74,4 տոկոս։ Մարզի Աշոցք, Ախուրյան և Գյումրի համայնքները չեն ապահովել 2026 թվականի արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը` 82 տոկոսը:
Շիրակի մարզպետը եկամուտների հավաքագրման ցուցանիշը ոչ միայն գոհացուցիչ չի համարել, այլև նշել, որ համայնքների ղեկավարները հստակ անելիք ունեն առաջիկա ամիսներին։
«Սեփական եկամուտների կատարումը համայնքների ղեկավարների ուղիղ պարտականությունն է։ Հորդորում եմ Շիրակի մարզի բնակիչներին լինել պարտաճանաչ և ժամանակին կատարել իրենց հարկային պարտավորությունները։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հավասարապես կրի օրենքով սահմանված իր պարտականությունը։ Բարեխղճություն պետք է դրսևորել յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր հարցում՝ լինի դա հարկերի պարտաճանաչ վճարում, աղբահանության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք, թե համայնքային գույքի պահպանություն։ Պետք է միշտ հիշել՝ մեր համայնքը մեր տունն է։ Իսկ մեր տան նկատմամբ հոգատար ու պատասխանատու վերաբերմունքը յուրաքանչյուրիս պարտականությունն է»,-ընդգծել է մարզպետը։
Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է մարզում իրականացվող կապիտալ շինարարության ծրագրերին։ Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանի ներկայացրած տվյալներով, Շիրակի մարզում ընթացքի մեջ է 30 քաղաքաշինական ծրագիր՝ ընդհանուր 43 միլիարդ 524 միլիոն 104 հազար դրամ արժեքով։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում իրականացվում են 11 դպրոցների և 4 մանկապարտեզների կառուցման աշխատանքներ։
Շիրակի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ» ծրագրի շրջանակներում ավարտին են մոտենում Գյումրու «Լապտերիկ», «Արևիկ» և Անի համայնքի Սառնաղբյուրի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները՝ ընդհանուր՝ 221 միլիոն 345 հազար դրամ արժեքով։
«Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակներում իրականացվում է նորակառույց դպրոցներ տանող ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգում։ 2 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման ընդհանուր արժեքը կազմում է 424 մլն 861 հազար դրամ։
«Այսօր մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ծավալները շատ մեծ են, և մենք անում ենք հնարավորը՝ դրանց պատշաճ վերահսկողությունն ապահովելու համար։ Կարմիր գծերը բոլորի համար նույնն են՝ որակի հարցում փոխզիջում չի լինելու, անորակ շինարարություն չի ընդունվելու։ Այն միջոցները, որոնք Կառավարությունն ու համայնքային բյուջեն հատկացնում են մարզի համայնքներին, ուղղվում են առկա խնդիրների լուծմանը։ Գյումրու փողոցների բարեկարգումը Վարչապետի հանձնարարականով մեր առաջնահերթություններից է։ 2026 թվականին նախատեսվում է շուրջ 15 կմ փողոցների բարեկարգում, որոնց աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ 2027 թվականներին՝ 25 կմ փողոցների հիմնանորոգում։ Շիրակացի փողոցի հիմնանորոգման ընթացքում, օրինակ, ի հայտ է եկել նախագծով չնախատեսված կոյուղու խնդիր, որը նույնպես պետք է լուծվի՝ աշխատանքների ամբողջականությունն ու որակն ապահովելու համար։ Մեր առջև դրված խնդիրը մեկն է՝ պետական միջոցները ծախսել նպատակային, իսկ յուրաքանչյուր աշխատանք իրականացնել պատշաճ որակով և բնակչի շահերից ելնելով»,- նշել է մարզպետը։
Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը ներկայացրել է համայնքներում 2026 թվականին նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին՝ նշելով, որ 2026 թվականին ընթացքի մեջ են գտնվում 40 ծրագիր 188 ենթածրագիր, ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 15.8 մլրդ դրամ, որից Կառավարության համամասնությունը 7.5 մլրդ դրամ՝ 47 տոկոս է։ Հաստատվել է 14 ծրագիր 88 ենթածրագրերով։
Մարզպետը հանձնարարել է պատասխանատուներին առանձնակի ուշադրություն դարձնել նախորդ տարիներից 2026 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը և ապահովել դրանց պատշաճ ընթացքը։ Կառավարության կողմից այդ ծրագրերի ավարտի վերջնաժամկետը սահմանվել է 2027 թվականի հունիսի 30-ը։
Օրակարգային վերջին հարցը վերաբերվել է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Զեկուցող աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը նշել է, որ Շիրակի մարզում 2026 թվականի բերքի համար կատարվել է շուրջ 19 551 հեկտար աշնանացան ցորենի ցանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 8 407 հեկտարով։
Կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 384-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի» ծրագրի շրջանակներում 2745 շահառուների հետ կնքվել է 12206.365 հա ծրագրի մասնակցության պայմանագիր։ «Մթերատվության բարձրացման փորձնական» ծրագրի շրջանակում 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 2781 կովի արհեստական սերմնավորում, որի փոխհատուցման գումարը կազմել է 27 մլն 810 հազար դրամ։
Անդրադարձ է կատարվել նաև հունիս ամսին մարզում տեղացած կարկուտի հետևանքով արձանագրված վնասներին՝ ինչպես ցանքատարածությունների, այնպես էլ շարժական և անշարժ գույքի մասով։ Մարզպետը նշել է, որ վնասների վերաբերյալ հարցը գտնվում է քննարկման փուլում։
Ավարտին առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը զեկուցել է, որ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող բժշկական հաստատությունների ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 452 մլն 830 հազար դրամ, որից 1 մլրդ 41 մլն 564 հազար դրամը՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց, իսկ 411 մլն 265 հազար դրամը՝ չապահովագրված անձանց մատուցված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-13 17:50:35