Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
12.08.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նախօրեին աշխատակազմի պատասխանատուների հետ Գյումրու Աբովյան ճեմափողոցում ներկա է գտնվել «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» կողմից կազմակերպված՝ Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կրում էր «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» խորագիրը։
Դավիթ Առուշանյանը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին առանձնահատուկ օրվա առթիվ, զրուցել է երիտասարդների հետ, լսել նրանց նախաձեռնությունների, գաղափարների, սպասումների ու առաջիկա ծրագրերի մասին, անդրադարձել նրանց հետաքրքրող հարցերին։
«Երիտասարդների հետ հանդիպումները կարևոր են ոչ միայն նրանց լսելու, այլև հասկանալու համար, թե ինչպիսի ապագա են պատկերացնում և ինչ նախաձեռնություններով են ցանկանում նպաստել դրա ձևավորմանը։ Շիրակի երիտասարդներն ունեն բազմաթիվ գաղափարներ և դրանք կյանքի կոչելու մեծ ներուժ։ Մեր խնդիրն է լինել երիտասարդների կողքին, աջակցել և ստեղծել անհրաժեշտ հնարավորություններ, որպեսզի այդ գաղափարները վերածվեն իրական արդյունքների»,- նշել է մարզպետը։
Միջոցառման շրջանակում իրականացվել է «Ձգտումների խճանկար» մասնակցային նախաձեռնությունը։ Գյումրու Աբովյան ճեմափողոցում տեղադրվող մեծածավալ խորհրդանշական խճանկարի առանձին հատվածներում երիտասարդները ներկայացրել են իրենց ձգտումները, նպատակները, երազանքներն ու ապագայի վերաբերյալ տեսլականը։
Դավիթ Առուշանյանը գրառում է կատարել «Ձգտումների խճանկարում»՝ իր ուղերձը դարձնելով երիտասարդների ստեղծած ընդհանուր պատկերի մի մասը։
















